Tert.am-ը գրում է.
Ինձ համար շատ ողջունելի է այն փաստը, որ Հայաստանը վավերացրել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին վերաբերող մի շարք միջազգային փաստաթղթեր: Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության և ԵԽ չափանիշների քարոզչության կենտրոնի (ACCESS) համատեղ կազմակերպած հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքներին վերաբերող երկամյա ծրագրի ամփոփիչ համաժողովին այսպես ասաց Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը:
«Այն մասնավորապես վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, սակայն հարկավոր է, որ վավերացնի նաև հավելյալ արձանագրությունները, որոնք հնարավորություն են տալիս նաև անդրադառնալ անհատական բողոքներին: Եվրոպայի խորհրդի 37 թե 47 պետություն այն արդեն ստորագրել կամ վավերացրել են:
Մեկ այլ լավ մեխանիզմ կարող է ստեղծվել Եվրոպական սոցիալական խարտիայի հավելյալ արձանագրության վավերացման պարագայում, որն առաջարկում է կոլեկտիվ բողոքների հայցելու մեխանիզմ»,- ասաց նա՝ նշելով, որ դա հնարավորություն կտա Հայաստանի քաղաքացիական հասարակությանը հաշմանդամների խնդիրները ներկայացնել Եվրոպական սոցիալական իրավունքների հանձնաժողովին:
Նա նաև նկատեց, որ Հայաստանը լայնամասշտաբ փոփոխություններ է իրականացրել նաև ազգային մակարդակում՝ շեշտը դնելով ներառական կրթության և ընթացակարգերին պատշաճ իրավական ձև տալու վրա:
«Դա հաճախ արվել է Եվրամիության բարյացակամ տեխնիկական օժանդակությամբ, ինչի ոգեշնչող օրինակն է այս ծրագիրը, սակայն տեսնում ենք, որ ավելին է հարկավոր անել: Իմ ներկայիս այցի ընթացքում ինձ հետաքրքրում է իմանալ՝ ինչպիսին են հաշմանդամների իրավունքների պաշտպանության հետ կապված օրենսդրության ընդունման հեռանկարները, նրանց սոցիալական ներգրավվածությունը»,- ասաց նա:
Դունյա Միյատովիչի խոսքով՝ ինքը գիտի, որ խորհրդարան է ներկայացված հաշմանդամների իրավունքների պաշտպանության հետ կապված, ինչպես նաև հաշմանդամների հանդեպ խտրականությունը արգելելու վերաբերյալ օրինագիծ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ