Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով գտնվել է Արցախում


15:30 , 17 սեպտեմբեր, 2018

Սեպտեմբերի 15-16-ը ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում էր Արցախում, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի միջև բոլոր հարցերով սերտ համագործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումը, քննարկվել են քաղաքական և տնտեսական համատեղ օրակարգի մի շարք հարցեր, իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում և այլն։

Այցի ընթացքում առաջին փոխվարչապետը հանդիպել է նաև Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, խորհրդարանական խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ղեկավարների հետ։

Զրույցի շրջանակներում քննարկվել են Հայաստանի և Արցախի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Առաջին փոխվարչապետը արցախյան գործընկերների հետ կիսվել է Հայաստանում ընթացող քաղաքական, իրավական, տնտեսական գործընթացների վերաբերյալ տեղեկատվությամբ, պատասխանել նրանց հարցերին։ Հանդիպման մասնակիցները կարևորել են նման ձևաչափով հանդիպումների շարունակական բնույթը։