«Այս երեսունհինգ տարիների ընթացքում միշտ ինքս ինձ հարց եմ տվել` ինչ եմ անում, ինչի համար եմ անում». Խորեն Լևոնյանի ծննդյան համերգ-երեկոն՝ BlogNews.am-ի անդրադարձում


16:45 , 17 սեպտեմբեր, 2018

««Բա քեզ պե՞տք էր, ինչ դերասանություն, ինչ բեմ, ինչ կինո, բիզնեսմեն դառնայիր կամ ֆուտբոլիստ: Լիքը գործ կունենայիր, ո՞վ է ասել, որ բոյով ֆուտբոլիստ չի լինում: Բա քեզ պե՞տք էր, քանի կինոյում վառվեցիր, քանի ուղեղի ցնցում ստացար, առողջությունդ խնայիր»: Ամեն օր արթնանում եմ, և այս մտքերն իմ մեջ նստած են, կյանքս ուտում են: Այսօր ես վանում եմ այդ մտքերն ինձանից, չգիտեմ ինչքան ժամանակով»:

Այս խոսքերով հաղորդավար, դերասան Խորեն Լևոնյանը սկսեց իր ծննդյան 35-ամյակին նվիրված համերգ-երեկոն: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր, հրավիրվածների շարքում էին դերասանի կոլեգաները և հարազատները: Հանդիսատեսի շարքում էին նաև Խորենի ծնողները, ինչպես նաև կինը՝ Լիկա Մեսրոպյանը, և որդին, իսկ միջոցառման հետաքրքիր դրվագները՝ BlogNews.am-ի անդրադարձում:

«Շատ կցանկանամ, որ նման կենդանի շփումները երբեք մեզանից չպակասեմ, ինչպես ենք, օրինակ, ծնունդին հավաքվում, պատմություններ հիշում, լավ ժամանակ անցկացնում: Այս երեսունհինգ տարիների ընթացքում միշտ ինքս ինձ հարց եմ տվել՝ ի՞նչ եմ անում, ի՞նչի համար եմ անում։ Հիմա փորձելու եմ այդ ամենի պատասխանը գտնել: Շատ հուզված եմ, անգամ նկարահանումից առաջ կամ ֆիլմում նկարահանվելիս այսքան հուզված չեմ եղել: Գիտեք՝ ինչու, քանի որ այդ ժամանակ դու կերպար ես խաղում և ամեն ինչ փորձում ես այդ կերպարի մեջ ներկայացնել, բայց բեմում ինքդ ես, ոչ մի տեղ չես կարող փախչել»:

Խորեն Լևոնյանը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։ Դրանց մեծ մասը նկարահանել է Հրաչ Քեշիշյանը: Խորենը նշեց, որ միասին մոտ տասնմեկ աշխատանքն են ներկայացրել: Էկրանին ցուցադրվեցին հատվածներ նրա մարմանվորած ֆիլմերից, որից հետո Խորենը կատարեց «Ոչինչ չի մնա» և «Մի վախեցիր» ֆիլմերի սաունդթրեքները: Երեկոյի ընթացքում Խորենը մի քանի երգ կատարեց, որոնք բարձր գնահատականի էին արժանանում հանդիսատեսի կողմից: 

Մաշա Մնջոյանի հետ դուետը՝ «Մշո գորանին» ևս շատ սիրվեց հանդիսատեսի կողմից: Ի դեպ, Խորենն այսուհետ ներգրավված է Սունդուկյանի դերասանների կազմում, իսկ սեպտեմբերի 27-ին խաղալու է «Սասնա ծռեր» ներկայացման մեջ: 

 Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի