Yerevan.today խմբագրությունում կատարվող խուզարկությունը որևէ կերպ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ. ՔԿ


13:30 , 17 սեպտեմբեր, 2018

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ 6 տարբեր հասցեներում խուզարկություն կատարելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Քննչական Կոմիտեից:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, ի թիվս այլ հասցեների՝ օպերատիվ-քննչական խումբն այսօր այցելել է նաև Yerevan.today տեղեկատվական հարթակի խմբագրություն՝ օրենքով սահմանված կարգով խուզարկություն կատարելու համար։

Փաստում ենք, որ խմբագրությունում կատարվող խուզարկությունը որևէ կերպ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը, ստուգելու քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալները, պարզելու երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելու և տարածելու եղանակը և էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։