ԲՀԿ-ն ահազանգում է Փաշինյանի թիմի տեռորի մասին ու սպառնում փաստերը տրամադրել եվրոպական կառույցներին


12:20 , 17 սեպտեմբեր, 2018

168.am-ը գրում է.

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի սկսել սև PR իրականացնել, այս ամեն ինչը պարզապես եղել է արձագանք օրեր շարունակ սոցիալական ցանցերում, կայքերում տեղի ունեցող կոնկրետ տեղեկատվական ռեկետի, կոնկրետ տեղեկատվական տեռորի, որի պարզապես, ի վերջո, կուլմինացիան եղել է երեկ միտինգի ժամանակ հնչած այդ ելույթը»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ արձագանքելով «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հայտարարությանը, թե որոշ ուժեր սև PR են իրականացնում և ընտրակաշառք բաժանում:

Ըստ նրա՝ օրեր շարունակ մարդիկ հասցեական ստանում են անձնական նամակներ՝ Նաիրա Զոհրաբյանին չընտրելու կոչով, և ինչ-որ պահի դա պետք է արձագանք ունենար։

Նա նշեց, որ ունեն կոնկրետ փաստեր, որոնք առաջիկայում կներկայացնեն նաև եվրոպական կառույցներին, մասնավորապես՝ ՀՀ-ում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը, և նրան ևս կներկայացվեն այդ փաստերը.

«Այն, ինչ տեղի է ունենում, ընդհանրապես դուրս է տրամաբանության բոլոր սահմաններից»։

Ի.Տոնոյանի վստահեցմամբ՝ այդ սպառնալիքներն ու կոչերն իրականացվում են պետական մարմինների, նախարարությունների աշխատակիցների կողմից, չհաշված ֆեյքերին։ Այդ հետագիծը, ըստ Տոնոյանի, պարզ երևում է այդ անձանց ֆեյսբուքյան էջերը թերթելիս. «Համատարած ատելություն, ագրեսիա են քարոզում Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ»։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը դատապարտեց նման գործողությունները՝ նշելով, որ նոր Հայաստանում նոր գործելաոճ է պետք, հակառակ դեպքում՝ օրենքով սահմանված պատժի միջոցներ ու ձևեր կան:

Անդրադառնալով վհուկների որսին՝ Ի. Տոնոյանը նշեց, որ իրենց ավագանու ցուցակի 7-րդ համարին «ասֆալտին փռելու» գործընթացից հետո նրան ազատ էին արձակել՝ առանց բացատրության։

Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանից «լարելու» մասին հայտարարությանն ի պատասխան՝ Ի.Տոնոյանը հիշեցրեց Գագիկ Ծառուկյանի խոսքը, որ ԲՀԿ-ականներն ակնարկներով արված որևէ հայտարարության չեն արձագանքելու, իսկ եթե կոնկրետ ասելիք կամ հասցեական մեսիջ կլինի՝ կլինի շատ կոնկրետ պատասխան. «Որևէ վախ մենք չունենք»։