Ինչ տեսք ուներ Հայաստանը հնագույն հայտնի քարտեզների վրա


21:00 , 15 սեպտեմբեր, 2018

Քարտեզները, ինչպես նաև դրանց ուսումնասիրություններն ու մեկնաբանությունները, կարևոր պատմական վկայություններ են: Դրանք օգնում են հին ու ժամանակակից աշխարհի քաղաքական զարգացման բացաայտմանը, արտացոլում են պետությունների զարգացման որոշակի փուլերում միջազգային հարաբերությունները:

«Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ» գիրքը վերահրատարակվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի մտահաղացմամբ:

Քարտեզ 1-ին

Մեսիա դե Վիլադեստեսը XV դարի առաջին կատալոնացի քարտեզագիրներից էր: Նրա հայտնի պորտուլանը՝ կողմնացույցային քարտեզը՝ «Վիլադեստեսը», կազմվել է 1413 թվականին: Քարտեզն արված է մագաղաթի վրա. դրա վրա վառ գույներով պատկերված են մանրանկարներ:

Այս համեմատաբար մեծ քարտեզն ունի կատալոնական քարտեզներին բնորոշ առանձնահատկություն՝ քաղաքների ու ափերի պատկերների հետ մեկտեղ այստեղ կան տեղեկություններ ցամաքի խորքերում գտնվող քաղաքների, օազիսների ու լեռների մասին: Աֆրիկյան մայրցամաքում թագավորներ են պատկերված, ինչպես նաև արաբ առաջնորդներ՝ նստած ուղտերի վրա: Քարտեզը մի շարք ընդհանրություններ ունի քարտեզագիր Կրեսկի «Կատալոնյան ատլաս»-ի հետ, որը կազմվել է 1375-ին և նվիրվել է Ֆրանսիայի արքա Կառլ V-ին:

Այս քարտեզում Հայկական բարձրավանդակը պատկերված է Սև ծովի հարավ-արևելքում և ներկայացվում է որպես երկու աստվածաշնչյան գետերի հայրենիք: Կողքին պատկերված է Արարատը: Վերջինիս երկու գագաթներին «պառկած է» Նոյի տապանը: Կատալոնյան գրեթե բոլոր քարտեզներում Հայաստանն այսպես էր պատկերվում:

Քարտեզի չափսերն են՝ 115x85 սմ: Գտնվում է Փարիզի Ֆրանսիական ազգային գրադարանում:

Քարտեզ 2-րդ

Տվյալ քարտեզը կոչվում է «Ջենովական օվալաձև պորտուլան» և բոլոր պորտուլանների մեջ հատուկ դիրք է զբաղեցնում: Այն կազմված է պտղոմեական քարտեզների, պորտուլանների ու կրոնական քրատեզների կազմման սկզբունքով: Արված է ամբողջական մագաղաթի վրա, սակայն հետաքրքիր ձև ունի, որը ոսպի հատիկ է հիշեցնում: Վայրը, որտեղ կազմվել է քարտեզը, անհայտ է, սակայն քանի որ դրա վրա նշմարվում է Ջենովայի խաչը, այն կոչվել է «Աշխարհի ջենովական օվալաձև պորտուլան»: Քարտեզը թվագրվում է 1457 թվականին:

Քարտեզի ընդհանուր բովանդակությունը հիմնվում է պտղոմեական քարտեզների վրա, իսկ այն դետալները, ինչպիսիք են Միջերկրական ու Սև ծովերի ճշգրիտ տեղակայումը, վերցված են պորտուլաններից: Պատկերները, քաղաքներն ու այլ դետալներ նման են մնացած աշխարհի կրոնական քարտեզներին, որոնց պարունակությունը միշտ դուրս էր գալիս կրոնական շրջանակներից:

Կասպից ծովի վրա գտնվող կղզիների պատկերներից կարելի է ենթադրել, որ հեղինակը քարտեզը կազմելիս օգտվել է Մարկո Պոլոյի և դե Կոնտիի ճանապարհորդական նշումներից: Քարտեզի վրա խաչվող գծերից կազմված ցանց կա: Իրականում այս պորտուլանը ավելի շատ նման է հանրագիտարանային քարտեզի, քան այլ պորտուլանների:

Քարտեզի վրա ամենահետաքրքիրն այն է, որ Աֆրիկային ծով է շրջապատում, այսինքն՝ հաստատվում է, որ Եվրոպայից հարավ լողալով կարելի է շրջանցել Աֆրիկան ու, վերադառնալով արևելք, հասնել Հնդկական օվկիանոսին: Հնդկական օվկիանոսի վրա անգամ եվրոպական նավ է պատկերված: Քարտեզի վրա բազմաթիվ պարզաբանող գրություններ են թողնված, որոնցից շատերը, ցավոք, հասկանալն այսօր անհնար է:

Դրանցից մեկում ասվում է, որ որ մայրցամաքները շրջապատող ջուրը միասնական օվկիանոս է, որը տարածվում է բոլոր ուղղություններով ու չունի սահմաններ, պատում է քարտեզում ներկայացվախ երկրագնդի տարածքի քառորդ մասը: Այսպիսով քարտեզի հեղինակը հասկացնում է, որ Եվրոպայից արևելք լողալիս հնարավոր է հասնել Հնդկաստան:

Քարտեզի վրա Հայաստանը տեղակայված է Սև և Կասպից ծովերի մեջտեղում: Այն գտնվում է Կովկասյան լեռների հարավում: Հայաստանի հարավ-արևելքում՝ կանաչով ներկված Արարատի գագաթին, գտնվում է Նոյի տապանը, որը պատկերված է տան տեսքով: Այս քարտեզում Հայաստանը գտնվում է նույնանման վայրում, ինչպես պատկերված է այլ պորտուլաններում:

Քարտեզի լայնությունը 1 մետր է: Գտնվում է Ֆլորենցիայի ազգային կենտրոնական գրադարանում:

Քարտեզ 3-րդ

Կատալոնական ոճի այս շրջանաձև պորտուլանի հեղինակն անհայտ է: Այն թվագրվում է 1450-ականներին և հայտնի է «Էստենզե» անվանմամբ: Քարտեզի վրա պատկերված են իշխաններ, քաղաք-ամրոցներ, առագաստանավեր, ջրահարսեր ու կենդանիներ: Պատկերները գունավոր են, արված են մանրանկարչական ոճով: Գրությունները արված են մի լեզվով, որը կատալոներենի և աղավաղված լատիներենի խառնուրդ է:

Քարտեզի վրա Միջերկրական ծովը շատ հստակորեն է պատկերված, սակայն Աֆրիկան բավականին մեծամասշտաբ է ներկայացված, հատկապես՝ Արևմտյան Աֆրիկան՝ Գվինեական ծոցի շրջանը, որը Հնդկական օվկիանոսին է միացված ինչ-որ գետով: Աֆրիկայի հարավում գտնվող ոչ բնակեցված ցամաքային հատվածը կարելի է համարել ԱՆտարկտիդան, որը գտնվում է Բարեհուսո հրվանդանի հարավում:

Քարտեզը պարոնւակում է Մարկո Պոլոյի և Դիազի նշումները: Անհայտ պատճառներով Դրախտը համարվում է ոչ թե Հայաստանն ու Միջագետքը, այլ Արևելյան Աֆրիկան: Հարավ-արևելյան Ասիայի ծովերում պատկերված են բազմաթիվ կղզիներ՝ ներկված տարբեր գույներով, որը վկայում է այն մասին, որ քարտեզագրերը այդ ժամանակ արդեն գիտեին աշխարհի այս հատվածում գտնվող հազարավոր կղզիների գոյության մասին:

Սև և Կասպից ծովերի միջև՝ երկու կարմիր լեռների միջև գտնվում է «Էրմինիա Մայորը»՝ Մեծ Հայքը: Լեռները խորհրդանշում են Հայկական բարձրավանդակը, որտեղից սկիզբ են առնում Տիգրիս ու Եփրատ գետերը: Դրանցից աջ գտնվում է Արարատը, որը ներկված է կանաչ գույնով ու որի գագաթին Նոյի տապանն է: Եփրատ գետի վրա նշված են Արզենգա՝ Երզնկա և Մալաթիա քաղաքները:

Կիլիկիայի նավահանգիստները գտնվում են Միջերկրածովյան հյուսիս-արևելյան հատվածում և շրջապատված են մուգ կանաչ կամարներով: Սրանով իսկ հայկական քրիստոնեական նավահանգիստները տարբերվում էին մոտակայքում գտնվող իսլամականներից: Հարկ է նշել, որ երբ կազմվեց այս քարտեզը, Կիլիկյան հայկական թագավորությունն այլևս գոյություն չուներ:

Քարտեզի տրամագիծը 113 սմ է: Գտնվում է Իտալիայի Էստենզե գրադարանում: