«Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի պրեմիերան ու հայտնի հյուրերը


13:45 , 15 սեպտեմբեր, 2018

Մելոդրամայի ու  աբսուրդի տարրերով ռոմանտիկ կատակերգություն, որը կարող է երբեմն ժպիտ պատճառել, երբեմն էլ խորը մտորումների տեղիք տալ. «Լյուդվիգ անունով ոզնին» կյանքի ամփոփ նկարագիրն է՝ «կամ գիշատիչ ես, կամ զոհ»: Ոզնին ֆիլում սիմվոլիկ նշանակություն ունի, այն դառնում է փրկության խորհրդանիշ  ու նորի սկիզբ ազդարարում: Մարդու ներքին կռիվը ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ներկայացրել է իր ընկալմամբ ու իրեն բնորոշ հումորով: Blognews.am-ը երեկ ներկա է եղել ֆիլմի պրեմիերային: Ի դեպ, ֆիլմի անձնակազմը պրեմիերային ներկայացել էր տարբերվող ու թեմատիկ շապիկներով։ Ներկայացնում ենք պրեմիերայի հայտնի հյուրերին ու ֆիլմի մանրամասները: 

Մեկուկես ժամանոց կինոժապավենի հիմքում ամբողջությամբ մարդն է՝ իր ներքին վախերով ու ապրումներով: Փաստաբան, ով, ինչ-ինչ երևույթների վրա աչք փակելով, դիմացինի խնդիրներին հաղորդակից չլինելով, ի վերջո հանդիպում է մի կետի, որը փոխում է նրա կյանքի ընթացքն ու նրան դարձնում երևույթներ գնահատող: Մեկն, ով ժամանակին խուսափում էր իրականությանն առերեսվելուց ու նույնիսկ ինքն իր հետ անկեղծ չէր, այսօր արդեն  դառնում է մեկ ուրիշի համար ապրող: Ի՞նչ զարգացում ու ավարտ է ունենում  հերոսների պատմությունը՝ այսօրվանից կարող եք տեսնել մեծ էկրաններին:

_H2A5359

Ֆիլմում ներգրավված են ինչպես ռեժիսորի նախորդ ֆիլմերից մեզ հայտնի դերասաններ, այնպես էլ նոր դեմքեր: Նկարահանվել են Սամվել Թոփալյանը, Արծրուն Չոբանյանը, Անի Ղազարյանը, Ժան Նշանյանը, Գեորգի Հովակիմյանը, Մարինա Մնացականյանը, Գուրգեն Սարգսյանը, Քրիստինա Հովակիմյանը: Ի դեպ, Մհեր Մկրտչյանն անձամբ է ընտրում այն դերասաններին, որոնց հետ պատրաստվում է աշխատել. «Միշտ դեմ եմ, երբ սկսում են ֆիլմի մասին պատմել, որովհետև հետաքրքրությունը կորչում է: Կարող եմ ասել մի բան`  ֆիլմում խառնված են մի քանի ժանրեր. սա և՛ կատակերգություն է, և՛ ինչ-որ չափով դրամա: Կան և՛ ծիծաղելի, և՛ հուզիչ տեսարաններ: Ֆիլմում խառնված է նաև աբսուրդը, հեքիաթը, որի հիմքում Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդն» է: Սա մի փորձ է՝ խառնել մի քանի ժանրեր և ստանալ մի կողմից թեթև և ծիծաղելի, մյուս կողմից՝ ինչ-որ չափով հուզիչ և հետաքրքիր, դինամիկ ֆիլմ: Սա իմ առաջին փորձն է աշխատելու ոչ թե կոնկրետ մեկ, այլ միաժամանակ մի քանի ժանրերում: Շատ հետաքրքիր է անել մի բան, որը դեռ չես արել»:

_H2A5417

Մինչև վերջին տարիները Ռուսաստանում ապրող ու աշխատող սցենարիստ-ռեժիսորի հայկական ձեռագրին մեր հանդիսատեսը ծանոթացավ նախորդ տարի էկրան բարձրացած «Կյանք ու կռիվ» ֆիլմով, որը, կարծես, հայկական ֆիլմարտադրությանը մրցակցության ձեռնոց նետեց՝ հուշելով, որ ժամանակն է մտածելու որակի մասին: «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմը ռեժիսորի առաջին հայկական կատակերգությունն է: Այն դիտարկմանը՝ արդյոք ֆիլմը կկարողանա կրկնել նախորդի հաջողությունը, ռեժիսորը պատասխանեց. «Բոլոր այն ռեժիսորները, որոնք մինչև ֆիլմը հանդիսատեսին հանձնելը կարող են գնահատական տալ, կա՛մ խաբում են իրենց, կա՛մ մեծամիտ են, կա՛մ հիմար, կա՛մ էլ բոլորը միասին: Երբեք դու չգիտես՝ այն սիրվելու է, թե ոչ, ընդունվելու է, թե ոչ: Բոլոր նախնական կանխատեսումներն անիմաստ են: Դու անում ես լավագույնն ու ինչին, որ ընդունակ ես, բայց դու չես որոշում՝ այն կսիրվի, թե ոչ: Դրանով է պայմանավորված պրեմիերայից առաջ իմ այսչափ լարվածությունը»:

Ֆիլմի գլխավոր դերակատարը Սամվել Թոփալյանն է։ Նա մարմնավորում է փաստաբանին: Դերասանին ֆիլմը հետաքրքրել է առաջին հերթին մարդկային հարաբերությունների տեսանկյունից. «Ինձ համար ամենակարևորն այն է, որ այս ֆիլմը մարդկային հարաբերությունների մասին է։ Վերջերս նայում ենք ֆիլմեր, որոնք մեքենաների, շենքերի մասին են, սակայն չկա մարդը»։

_H2A5318

Ֆիլմի հերոսուհուն մարմնավորում է Մհեր Մկրտչյանի կինը` Անի Ղազարյանը, ով համբույրի տեսարան ունի Սամվել Թոփալյանի հետ։ Անին, ի դեպ, առաջին անգամ չէ, որ նկարահանվում է ամուսնու ֆիլմերում, սակայն դերասանուհին ասում է, որ նկարահանման հրապարակում նա այլևս Մհեր Մկրտչյանի կինը չէ, ու պատասխանատվությունն այս առումով ավելի մեծ է. «Նկարահանման հրապարակում Մհերին հաջողվում է մի կողմ դնել ցանկացած անձնական հարաբերություն, իսկ ինձ մոտ այնքան էլ չի ստացվում: «Կյանք ու կռիվ»  ֆիլմում ինձ համար ավելի հեշտ էր աշխատել Մհերի հետ, որովհետև այն ժամանակ մեր միջև չկար անձնական կապ։ Այս դեպքում շատ բարդ էր աշխատելը»:

«Լյուդվիգ անունով ոզնին» դեբյուտային է երիտասարդ դերասանուհի Մարինա Մնացականյանի համար: Ասում է՝ շատ պատահական է ընտրվել այդ դերի համար: Մարինան ֆիլմում նկարահանվել է նաև համբույրի և բաց տեսարաններում, սակայն համոզված է, որ ամեն ինչ այնքան էսթետիկ է արված, որ քննադատությունների տեղիք չի տա. «Երբ տեսնում ես՝ իրականությունում ինչ է կատարվում, բաց տեսարաններում խաղալու մասին խոսելը տեղին չես համարում։ Մենք կրթություն ենք ստանում և տիրապետում ենք նաև դերասանական տեխնիկայի, որի շնորհիվ կարողանում ենք խաղալ այդպիսի տեսարաններում։ Չկան գռեհիկ տեսարաններ, որոնց պատճառով կարող են ինձ քարկոծել»:

_H2A5381

Ֆիլմն առանձնահատուկ է նաև ռիթմիկ երաժշտության առումով, որը հեղինակել են Կարենը և Սևակը, նրանք նաև գործիքավորել են Ավետ Բարսեղյանի և Սոնա Ռուբենյանի հեղինակած սաունդթրեքը. «Երկար քննարկումներից հետո, երբ զանգահարեցին ինձ այդ առաջարկով, հուզմունքս չէի կարողանում զսպել: Հիշեցի այն ապրումները, որ ունեցել եմ «Կյանք ու կռիվ» ֆիլմերից հետո ու միանգամից համաձայնեցի: Դերասանների օրգանիկ խաղը տեսնելուց հետո ծնվեց այս երաժշտությունը, իսկ Ավետը գրեց այնպիսի բառեր, որոնք ամբողջովին կհասկանան նան նրանք, ովքեր կդիտեն ֆիլմը»:

_H2A5403_H2A5394_H2A5386_H2A5367_H2A5383_H2A5401_H2A5399_H2A5352_H2A5406_H2A5408_H2A5369_H2A5376_H2A5390_H2A5339_H2A5392_H2A5316_H2A5388_H2A5415_H2A5438_H2A5435_H2A5424_H2A5423_H2A5420_H2A5440_H2A5442_H2A5315

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն Գրիգորյանի