Կառավարությունը հաստատեց 2-րդ երեխայի և զույգ կամ եռյակ ծնվելու դեպքում ծննդյան նպաստի չափերը


14:40 , 14 սեպտեմբեր, 2018

Operativ.am-ը գրում է.

Կառավարությունն այսօրվա` սեպտեմբերի 14-ի իր նիստում հավանություն տվեց օրենքի նախագծին, որով նախատեսվում է երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ պետության կողմից ընտանիքին հատկացվող սոցիալական աջակցության` երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 50 հազար դրամի փոխարեն սահմանել 150 000 դրամ:

Նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ հիշեցնելով, որ նախագիծը քննարկվել է նաեւ կառավարության նախորդ նիստում: Նրա խոսքով, գործող կարգի համաձայն, առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարը 50 հազար դրամ է, 3-րդ եւ 4-րդ երեխայի համար՝ 1 մլն դրամ, իսկ 5 եւ ավելի յուրաքանչյուր երեխայի համար՝ 1,5 մլն դրամ:

Այժմ, ըստ նրա, առաջարկվում երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը սահմանել 150 հազար դրամ:

Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ կառավարության նախորդ նիստին քննարկման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկել էր, որ միաժամանակ մեկից ավելի երեխայի ծննդյան (զույգ, եռյակ, քառյակ) դեպքում այլ կարգավորումներ լինեն. «Փոխվարչապետի առաջարկը ներառված է որոշման մեջ, բայց քանի որ դա նախատեսում է պետական նպաստների մասին օրենքի փոփոխություն, մենք հանձն ենք առնում այդ առաջարկը, որը ենթադրում է, որ միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի միանվագ նպաստի վճարի չափը սահմանելով նոր ծնված յուրաքանչյուր երեխայի հնարավոր բոլոր կարգաթվերի համար սահմանված չափի հանրագումարի չափով: Այսինքն մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում տրամադրվող գումարի չափն ավելացնում ենք, եւ դա ներառելու ենք պետական նպաստների մասին օրենքի մեջ, որը շուտով կներկայացնենք ձեր դատին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկել էր, որ զույգ երեխա ծնվելու դեպքում նպաստի հանրագումարը կրկնապատկել, իսկ եռյակի դեպքում՝ եռապատկել: «Շատ լավ գաղափար է, կատարենք հնգամյակը 4 տարում»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նախագծի` որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հոկտեմբերի 1 ին (տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո):