«Իմ քայլը» դաշինքը սկսում է տարվել «հեղափոխական տրիումֆներով» և հիմնական շեշտը դնել դրա ու իր լիդերի վրա


12:00 , 14 սեպտեմբեր, 2018

Քաղաքագիտության մեջ կա մի հետաքրքիր տերմին՝ «էլեկտորալ սյուրպրիզ»:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Չերչիլը, երբ գնում էր նոր ընտրությունների, իր հույսը դրել էր պատերազմում հաղթանակի վրա և քարոզարշավի փոխարեն տրիումֆներ էր կազմակերպում՝ շեշտը դնելով իր անձի վրա: Արդյունքում տեղի ունեցավ «էլեկտորալ սյուրպրիզ», և հաղթեց այն ժամանակ ոչ այդքան հայտնի գործիչ Քլեմենթ Էթլին, ով խոստանում էր նոր Բրիտանիա, համընդհանուր բարեկեցություն և այլն, իսկ ժողովուրդն առաջ էր նայում և արդեն չէր հետաքրքրվում պատերազմի հաղթական անցյալով:

Հիմա «Իմ քայլը» դաշինքը, վախենամ, սկսում է տարվել «հեղափոխական տրիումֆներով» և հիմնական շեշտը դնել դրա ու իր լիդերի վրա՝ դատելով թե՛ քարոզարշավի ընթացքից, թե՛ դաշինքի անվանումից («Իմ քայլը») ու կարգախոսից («Երևան, քայլ արա»), որոնք հեղափոխության շարունակման տպավորություն են թողնում (սա իմ տպավորությունն է, գուցե այն սխալ է, բայց նման պատկեր նկատելի է): Սակայն մարդիկ միշտ առաջ են նայում: Իսկ այս ընտրություններում հաղթանակն իրոք նոր ուժերի իշխանության ամրապնդման և հեղափոխության ամրագրման համար շատ կարևոր նշանակություն ունի:

Կարծում եմ՝ այդպիսի «էլեկտորալ սյուրպրիզից» խուսափելու համար ճիշտ կլինի, որ ավելի շատ շեշտը դրվի բուն ընտրական գործընթացի, դրա նպատակի վրա, և մի պահ «մոռացվի» հեղափոխությունը:

Ի դեպ, հակառակորդներն էլ թույլ մրցակիցներ չեն: