Պատմության առաջին հիվանդանոցը հիմնվել է հայ բժշկի կողմից. հայերի դերը համաշխարհային բժշկության մեջ


22:45 , 13 սեպտեմբեր, 2018

«Համաշխարհային քաղաքակրթության հնագույն կենտրոններից մեկը Հայաստանն էր: IX  դարում Խալիֆաթի իշխանությունը տապալելուց հետո հայ ժողովուրդը վերականգնեց իր պետականությունը: XI-XIII դարերում Հայաստանի այնպիսի քաղաքներում, ինչպիսիք էին Անին, Հաղպատը, Սանահինը, Գլաձորը և այլն, բարձր դասի դպրոցներ բացվեցին, որտեղ սովորում էին անատոմիա (այս ժամանակաշրջանում Հայաստանում անատոմիական հայտնագործություններ էին իրականացվում), ներքին բժշկություն, դեղագործություն, վիրաբուժություն:

Միջնադարյան Հայաստանի բժշկության խոշորագույն ներկայացուցիչը փիլիսոփա, բժիշկ ու աստղագետ Մխիթար Հերացին էր: 1184 թվականին նա իր սեփական աշխատությունը գրեց՝ «Ջերմանց մխիթարություն» անունով, որում Հերացին անդրադառնում է Դաշտային Կիլիկիայի խոնավ կլիմայական պայմաններում լայնորեն տարածված տենդային հիվանդությունների դասակարգման, պատճառագիտության, ախտածնության, կանխարգելման ու բուժման հարցերին: Այս աշխատությունում Հերացին 5 դար ավելի շուտ, քան Բերիարդինո Ռամացինին, խոսել է հիվանդությունների ու որոշ մասնագիտությունների՝ դարբինների, ապակեգործների միջև գոյություն ունեցող կապի մասին:

Հայկական բժշկության մեջ մեծ ներդրում է ունեցել Ամիրդովլաթ Ամասիացին (XV դար), ով հեղինակել է «Օգուտ բժշկության», «Ախտապատին», «Ուսումն բժշկության» աշխատությունները: «Օգուտ բժշկության» աշխատության մեջ Ամասիացին նկարագրել է սրտի, թոքերի, երիկամների, լյարդի, փայծաղի, ստամոքսի, աղիքների, միզասեռական օրգանների ձևը, կառուցվածը, դասավորությունը, դերն ու նշանակությունը: Նկարագրել է նաև աչքի թաղանթների կառուցվածքն ու դերը, տեսողական նյարդերի ուղին: «Ախտապատին» աշխատության առաջին մասում զետեղված են դեղատոմսեր, նկարագրված են դեղանյութերի քանակն ու պահպանման միջոցները, իսկ երկրորդ մասում՝ դեղերի անունները, դրանց ազդեցությունն օրգանիզմի վրա:

Միջին դարերում հայ բժիշկներն իրենց գործունեությունն էին ծավալում նաև Հայաստանի սահմաններից դուրս: Կեսարիայում գտնվող հիվանդանոցում աշխատում էր հայ բժիշկ, Իրանում գտնվող բժշկական դպրոցում աշխատում էին հայ բժշկական խոշոր դինաստիայի՝  Բախտիշուի անդամները, իսկ Սեբաստիայում գտնվող բուժման կենտրոնում ապրում ու աշխատում էին հայ բժիշկներ Հովասափը, Բունիաթը, Ասարը»:

Այս տողերի հեղինակը Տատյանա Սերգեևնա Սորոկինան է, ով այն ներառել է իր «Բժշկության պատմություն» աշխատության մեջ:

Հարկ է պատմել նաև մի արաբ բժշկի մասին:

Ջուրջուս իբն Ջիբրայիլ իբն Բախտիշուն, ով հայտնի է նաև որպես Գևորգ որդի Գաբրիելի Բախտիշու անունով, հայկական ծագում ունեցող միջնադարյան ծագում ունեցող բժիշկ էր, ով ապրել ու գործել է արաբական խալիֆաթում ու Գունդիշապուրի բժշկական դպրոցի բժիշկների ղեկավարն էր:

Ջիբրայիլ իբն Բախտիշուն համարվում է Բախտիշու արքունական դինաստիայի հիմնադիրը, որի անդամները երկար տարիներ շարունակ արաբական խալիֆների գլխավոր բժիշկներն են եղել: 765 թվականին Ջիբրայիլը բուժեց մահամերձ խալիֆ Ալ-Մանսուրին, ում պետության ոչ մի այլ բժիշկ չէր կարողանում բուժել: Դրանից հետո նա իր վրա հրավիրեց կառավարչի ու ողջ Արաբական խալիֆաթի ուշադրությունը:

Շնորհիվ իր բարձր պրոֆեսիոնալիզմի ու հեղինակության՝ Ջիբրայիլ իբն Բախտիշը սկսեց ղեկավարել Գունդիշապուրի բժշկական դպրոցը: Տարիներ շարունակ ավագ Բախտիշուն խալիֆի բժիշկն էր, չնայած որ շարունակում էր քրիստոնյա մնալ: Նա և իր հետնորդները վեց սերունդ շարունակ հաջողությամբ ծառայում էին խալիֆաթին, հայտնի էին մահմեդական աշխարհում ու բարձր վարձատրվում էին ընդհուպ մինչև XI դարի սկիզբը:

Ջիբրայիլ իբն Բախտիշուի թոռը՝ Բախտիշու դինաստիայի երրորդ ներկայացուցիչը, համարվում է «հիվանդանոց» երևույթի հիմնադիրը: Իր հիվանդանոցը նա կառուցել է Բաղդադում մոտավորապես 800 թվականին՝ խալիֆ Հարունա ար-Ռաշիդի մտահղացմամբ:

Ջիբրային իբն Բախտիշուի ծոռը՝ Աբուսայել Բախտիշուն, պարսիկ հանրահայտ գիտնական Ավիցեննայի ուսուցիչն էր: