Անվտանգությունը ոչ միայն տեխնիկական հարց է, այլ, առաջին հերթին, վարքագծային ու մտածելակերպի


14:10 , 12 սեպտեմբեր, 2018

Գաղտնալսում։ Նպատակը՝ ստանալ տեղեկատվություն, որը թույլ կտա խանգարել դիմացինին հասնել իր նպատակներին ու շահերին։ Դրա բարոյական կողմն, իհարկե, այլ հարց է։ Ինձ ուրիշ բան է հետաքրքրում։ Մեր անվտանգության բացերը։ Եթե եղել է այս դեպքի հնարավորությունը, ապա այն կարող է լինել նաև այլ թեմաներով։ Այս դեպքը, վստահ եմ, կհետաքննվի և, հուսով եմ, որ մեղավորները կկրեն օրենքով նախատեսված հետևանքները։

Ավելի մեծ պատկերում եմ խնդիր տեսնում։ Մեր պատերազմը չի ավարտվել։ Անվտանգությունը ոչ միայն տեխնիկական հարց է, այլ, առաջին հերթին, վարքագծային ու մտածելակերպի։ Մենք սրա մասին պետք է հիմա մտածենք ու ճիշտ տրանսֆորմացիա անցնենք։

Ի՞նչ դասեր կքաղենք։ Կգիտակցե՞նք, որ վարքագիծ ու մտածելակերպ պետք է փոխենք, որ մեր գործողությունների հետևանքով այլևս չունենանք դեպքեր, երբ մեր թշնամիները կկոտրեն մեր կայքերը, կգողանան մեր նամակները, կգողանան սոցցանցերի մեր հաշիվները, կլսեն մեր հեռախոսները։ Ու սա ոչ միայն պաշտոնատար անձանց, այլ նաև մեզ՝ բոլորիս է վերաբերում. մենք ինքներս ի՞նչ ենք անում, որ մեր վարքագծով ու մտածելակերպով չստեղծենք այդ հնարավորությունը։ Օրինակ՝ երբ խնդրեն մեր հեռախոսը հանձնել հատուկ շենք մտնելուց առաջ, ոչ թե ջղաձգվենք, այլ հանգիստ հանձնենք։ Նույնիսկ եթե մոռանան ասել, մենք հիշենք ու թողնենք ընդունարանում։ Ու այսպես տարբեր գործողություններ, որոնք ուղղված են լայն իմաստով մեր անվտանգությանը։ Ու դա անել գիտակցված։

Մեր մեծ պատերազմը չի ավարտվել։ Իսկ կարող ենք հաղթել, եթե լինենք միասնական ու միասնաբար ձգտենք մեր երազանքներին ու հաղթանակներին։

Դուխով