Վարչապետը լո՞ւրջ հավատում է, որ ՌԴ նախագահը տեղյակ չէր, որ իր էժան վաճառած գազը Հայաստանի բնակչության վրա նստում է 2 անգամ թանկ


14:35 , 10 սեպտեմբեր, 2018
Մեր վարչապետի խոսքերից գիտենք, որ Պուտինի հետ ամեն բան փայլուն է, լիակատար փոխըմբռնում կա, խոսել են բոլոր թեմաների մասին և այլն: Բնավ չեմ ցանկանում կասկածի տակ առնել մեր վարչապետի խոսքերի ճշմարտացիությունը, բայց առնվազն մեկ դրվագի վերաբերյալ, այնուամենայնիվ, թերահավատ եմ։
Ըստ վարչապետ Փաշինյանի՝ ՌԴ նախագահը տեղյակ չէր, որ իր էժան վաճառած գազը բնակչության վրա նստում է 2 անգամ թանկ: 

Այսինքն՝ վարչապետը լո՞ւրջ հավատում է, թե իր գործընկերը, ում մոտ տարիներ շարունակ այդ նույն ցավոտ թեմայի շուրջ մեր ղեկավարները գնացել են բանակցելու՝ մատնանշելով, որ իրականում քաղաքացիների վրա շատ ավելի թանկ է նստում, քան նույն «Գազպրոմի» դուստր ընկերության հաշվարկների հիման վրա է, տեղյակ չէր: Ախր, պարոն վարչապետ, Պուտինը ձեր տարիքից ավել աշխատել է աշխարհի ամենահզորներից համարվող ռուսական հետախուզությունում, ու ընդամենը իր դեմքի արտահայտությունների հիման վրա արված ձեր ենթադրությունները, թե ինքը տեղյակ չէր, ամեն բան նորմալ է, ինքը ինձ հասկացավ, հետս համաձայնվեց և այլն, և այլն․․․

Արդյո՞ք հավատում եք, թե իր նման մեկի հետ կարելի է մեկ ժամ պաշտոնական (փողկապով) հանդիպում ունենալ, շփվել և պատկերացում կազմել՝ ինչից տեղյակ չէ, ինչի հետ է համաձայն, ինչի հետ՝ ո՞չ: Չեմ բացառում, որ Դուք հակված եք վստահելու մեր դարավոր գործընկերներին ընդամենը մեկ լիարժեք հանդիպումից, բայց հավատացեք, միջազգային դիվանագիտությունը շատ ավելի բազմաշերտ և երկարատև հարաբերությունների պարզման կարիք ունի, քան Դուք եք պատկերացնում: 

Հ.Գ. Մեկ բան ևս նշեմ, որ ամեն առիթով նշում եք, որ ոչ ոք չպետք է խառնվի մեր ներքին գործերին, առաջին հայացքից աքսիոմատիկ այս արտահայտությունը պատմության ընթացքում հիմնականում անում էին ավտորիտար ղեկավարներն ու պետությունները՝ Սովետմիութունը, Սադամ Հուսեյնը, Հյուսիսային Կորեան... Մի մտցրեք մեզ այդ շարքի մեջ: Էնպես աշխատեք (հատկապես քրեական հետապնդումների մասով), որ այդպիսի վախեր չունենանք, թե ուզում են խառնվել: