Էլ ինչի՞ է պատրաստ գնալ Նիկոլը՝ Ռուսաստանին իր նվիրվածությունն ու հավատարմությունն ապացուցելու համար


11:12 , 10 սեպտեմբեր, 2018

Հայաստան-Ռուսաստան միջպետական և Փաշինյան-Պուտին միջանձնային հարաբերությունների մասին արտահայտվել եմ դեռևս մայիսի 14-ին՝ Փաշինյանի՝ Սոչի այցելության օրը։

Հիմնական ասելիքս կենտրոնացած էր մեկ հանգամանքի շուրջ՝ անհապաղ դադարեցնել Ռուսաստանի առջև արդարանալու անիմաստ փորձերը և հնարավորինս արագ դուրս գալ Ռուսաստանին իր լոյալության վերաբերյալ համոզման ռեժիմից։

Դեռևս այն ժամանակ համոզված էի, որ Ռուսաստանում երբեք չեն հավատալու Փաշինյանի արդարացումներին, և նրան երբեք չի հաջողվելու համոզել Պուտինին, որ ինքը հակառուսական գործիչ չէ, ինչպես նրան փորձում էին ներկայացնել ՀՀԿ-ականները։

Սակայն Փաշինյան չըմբռնեց պահի լրջությունն ու կարևորությունը և սկսեց անդադար արդարանալ ռուսների առաջ և համոզել նրանց, ինչի արդյունքում ստիպված եղավ համաձայնվել Սիրիա ուղարկել հայկական բանակի ստորաբաժանում, ինչից ուղղակի հրաժարվել են Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանի մնացած գործընկերները։ Իր ժամանակին այս գաղափարը մերժել էր նաև Սերժ Սարգսյանը՝ հասկանալով դրա ծայրաստիճան վտանգավորությունը։

Բայց Նիկոլն իր «դուխով» լինելն ապացուցեց գործով և գնաց այնպիսի քայլի, որ ուղղակի վտանգի տակ դրեց Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։

Իսկ երեկ էլ հայտարարեց, որ ռուս մասնագետներին թույլ է տվել մտնել ամերիկյան լաբորատորիա՝ համոզելու համար, որ այնտեղ ոչ մի «հակառուս» փորձեր չեն արվում։

Հետաքրքիր է, էլ ինչի՞ է պատրաստ գնալ Նիկոլը՝ Ռուսաստանին իր նվիրվածությունն ու հավատարմությունն ապացուցելու համար։