ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած տեղեկանքը:
Վերջինիս, ինչպես նաև դրա վերաբերյալ պահանջված լրացուցիչ այլ փաստաթղթերի համակողմանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք, 2009-2018 թվականների ընթացքում, առանց հիմնավորումների և բավարար հետազոտության, բազմաթիվ անգամ անհարկի փոփոխելով Ծրագրի իրականացման համար կնքված խորհրդատվական ծառայությունների մատուցման ու կապալի պայմանագրերը, դրանցում ներառել են անարդյունավետ և չհիմնավորված աշխատանքներ, կատարման են ընդունել ակնհայտ թերություններով կազմված նախագծա-նախահաշվային փաստաթղթեր:
Բացի դրանից, ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք անհիմն, առանց վնասները գանձելու, համաձայնել են երկարաձգել շինարարության և խորհրդատվական ծառայությունների մատուցման ժամկետները: Առանձին դեպքերում խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրերում սահմանելով ծառայությունների՝ իրավական ակտերով հաստատված առավելագույն չափից կրկնակի անգամ ավելի գին՝ նշված պայմանագրերի գնի և բովանդակության մեջ հետագայում անհարկի և անհիմն փոփոխություններ կատարելով բարձրացրել են գները, իսկ մատուցվող ծառայություններում ընդգրկել են ոչ անհրաժեշտ և կրկնվող աշխատանքներ: Արդյունքում խորհրդատվական ընկերություններին վճարվել են սահմանվածից ավելի գումարներ:
Նաև՝ միջոցներ չեն ձեռնարկվել շինանյութի, մասնավորապես՝ ցեմենտի բաղադրության և որակի չափորոշիչների ու նորմատիվների պահպանման, ինչպես նաև աշխատանքների կատարման նկատմամբ ընթացիկ, ամենօրյա հսկողության իրականացումն ապահովելու ուղղությամբ: Արդյունքում կապալի պայմանագրի փոփոխությունների համաձայնագրում շինաշխատանքների և բետոնյա ծածկույթի ակնհայտ թերություններն արձանագրելով հանդերձ՝ շահագործման են ընդունվել Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ ու Երևան-Աշտարակ հատվածները:
Այդպիսով ծրագրի ակնհայտ անարդյունավետ կառավարումը թաքցնելու, ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի 14-Ա որոշմամբ հաստատված նպատակներին ու խնդիրներին համահունչ Ծրագիրը կամ դրա մի մասն իրականացնելու պատրանք ստեղծելու նպատակով՝ ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, չեն կատարել ծառայողական պարտականությունները՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: