ՀՔԾ-ն պաշտոնապես հաստատեց, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանից չի մեկնել


17:30 , 3 սեպտեմբեր, 2018

Armtimes.com-ը գրում է.

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես հաստատում է «ՀԺ»-ի այն տեղեկությունները, որ իրականում Ռոբերտ Քոչարյանը չի մեկնել Հայաստանից: «Նա Հայաստանում է, չի մեկնել, բայց այլ մանրամասներ չենք կարող ասել»,- ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Մենք նաեւ գրել էինք, որ Քոչարյանն իրականում չի կարողացել մեկնել, քանի որ նրա անձնագրերը (խոսքը նաեւ դիվանագիտական անձնագրի մասին է) գտնվում են իրավապահների մոտ: Այս տեղեկությունը, սակայն, Օհանջանյանը չմեկնաբանեց:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Քոչարյանը, սակայն անազատության մեջ շատ չմնաց. օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը՝ բավարարելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Այս որոշումը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում: Դատախազությունը բողոքարկել է նրան ազատ արձակելու Վերաքննիչ դատարանի որոշումը: