Էրդողանը կոչ է արել վերջ դնել միջազգային առևտրում դոլարի գերակայությանը


16:40 , 2 սեպտեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

Թուրքայի նախագահ Ռեփեջ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերջ տալ միջազգային առևտրում ամերիկյան դոլարի գերակայությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, Էրդողանը նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիա-Ղրղզստան բիզնես ֆորումի ընթացքում ունեցած ելույթում:

«Անհրաժեշտ է վերջ տալ միջազգային առևտրում դոլարի գերակայությանը՝ օգտագործելով հաշվարկներն ազգային արժույթներում»,- հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ դոլարի հետ կապված համակարգը, որը ստեղծվել է իբրև թե առևտուրը հեշտացնելու համար, ներկայում վերածվել է մեծ խնդրի: «Առևտրային պատերազմները ստիպում են շատ ոլորտներում նոր ռազմավարություն օգտագործել: Արժույթների փոխարժեքի մանիպուլյացիաների նպատակն է ստիպել կասկածել, որ Թուրքիան ուժեղ և առողջ տնտեսություն ունի: Նպատակը Թուրքիայի տնտեսությանը հարված հասցնելն է: Սակայն կառավարության կողմից իրականացված միջոցառումների և Թուրքիայի բնակչության որոշիչ դիրքորոշման շնորհիվ այդ փորձը հաջողություն չունեցավ»,- հայտարարել է Էրդողանը: