Վաշինգտոնը ձեռնամուխ է եղել «արաբական ՆԱՏՕ-ի» կազմավորմանը. Defence News


13:40 , 30 օգոստոս, 2018

168.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձեռնամուխ է եղել անվտանգության ապահովման նոր դաշինքի կազմավորմանը, որին տրվել է Մերձավորարեւելյան ռազմավարական դաշինք (MESA) կամ ոչ պաշտոնապես՝ «արաբական ՆԱՏՕ» անվանումը:

Այդ մասին օգոստոսի 29-ին հայտնել է Defence News թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ)՝ անունը չնշած ներկայացուցչին:

Դաշինքը, դրա ստեղծման դեպքում, կոչված է միավորել Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Կատարի, Օմանի, Բահրեյնի, ինչպես նաեւ Եգիպտոսի եւ Հորդանանի ջանքերը՝ ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդելու, Մերձավոր Արեւելքի կայունությունը պահպանելու, իսկ գլխավորը՝ «տարածաշրջանում իրանական ագրեսիան զսպելու» գործում, հրատարակությունը մեջբերում է ԱԱԽ-ի ներկայացուցչի խոսքը: Դաշինքի նպատակների մասին, թերթի տվյալներով, պաշտոնապես կհայտարարվի Պարսից ծոցի երկրների՝ հոկտեմբերի 12-13-ին Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: