Մի շարք հանքարդյունաբերողներ զգուշացումներ են ստացել. նախարար


14:40 , 29 օգոստոս, 2018

Panorama.am-ը գրում է.

«Հայաստանի տնտեսության զարգացման առումով շատ կարևոր է հանքարդյունաբերության ոլորտը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝  այդ ոլորտում կատարվել է խորը ուսումնասիրություն:

«Այս ոլորտում բավականին աշխատանքներ եղել են կատարված, բայց մենք դա համարել ենք ոչ բավարար»,- նշեց նախարարը:

Արթուր Գրիգորյանը նշեց, որ այսօր Հայաստանում 27 մետաղական հանքավայր ունի շահագործման  լիցենզիա: 

«Մեր ուսումնասիրության արդյունքում՝ 27 հանքավայրից 10-ին տրվել են զգուշացումներ, քանի որ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ շահագործումն իրականացվում է օրենքով սահմանված չափանիշներից դուրս»,- ասաց Արթուր Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է ոչ մետաղական հանքավայրերին, ապա 146  ոչ մետաղական հանքավայրի  նույնպես տրվել են զգուշացումներ, որպեսզի վերացնեն իրենց մոտ առկա թերությունները:

Նախարարի խոսքով՝ զգուշացումը նշանակում է, որ ընդերքն օգտագործող ընկերությունները 90 օրվա ընթացքում պետք է իրենց կողմից վերացնեն բոլոր թերությունները. «Եթե 90 օրվա ընթացքում չվերացնեն, կզրկվեն լիցենզիայից: Այս գործընթացը լինելու է  շարունակական, մենք կանգ չենք առնելու։ Դուք գիտեք, որ ՀՀ վարչապետի դիրքորոշումն այդ առումով բավական խիստ է, և հանքարդյունաբերության ոլորտը պետք է բերվի իրավական դաշտ»։

Անդրադառնալով Թեղուտի խնդրին՝ Արթուր Գրիգորյանն ասաց, որ Թեղուտի վերաբերյալ կառավարությունն առանձնահատուկ մոտեցում է  ցուցաբերում, և խնդիրն այնտեղ  հիմնականում կապված է պոչամբարի պատվարի շինարարական ռիսկերի հետ, քանի որ ժամանակին ճիշտ տեխնիկական եզրակացություն չի տրվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ