ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն օգոստոսի 27-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Սոննբորնին, ով Հայաստանում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ և հրավերով: Հանդիպմանը ներկա է եղել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը:
Արմեն Աշոտյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորին, կարևորվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի դերն ու դրա հնարավորինս արագ վավերացումը ԵՄ անդամ-պետությունների ազգային խորհրդարանների կողմից: Զրուցակիցները կարևորել են ԵՄ-ի հետ առավել արդյունավետ հարաբերությունների զարգացումը, ինչի առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանը այս ժամանակաշրջանում Եվրոպական միությունից ակնկալում է քաղաքական հարցերում ավելի թիրախային քայլեր և աջակցություն: