15:50 , 25 օգոստոս, 2018Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, հայ-գերմանական ֆորումի նախագահ Ալբերտ Վայներին, տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունից:
Վեհափառ Հայրապետը ողջունել է պատգամավորի այցը Հայաստան` շնորհակալություն հայտնելով նրան ղարաբաղյան հակամարտության առնչությամբ դրսևորած իր քաջարի ու արդար կեցվածքի և մարդասիրության համար:
Նորին Սրբությունը հաստատել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից որդեգրված ժխտողականությունը երբեք չի կարող լինել խնդիրների լուծման, ժողովուրդների և երկրների համերաշխության հաստատման ճանապարհ:
Իր հերթին պատգամավորը անդրադարձել է հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին: Վերջինս կարևորել է խաղաղության հաստատումը շփման գծում, սահմաններից դիպուկահարների հեռացումը, որպեսզի չընդհատվեն երիտասարդ կյանքեր ու չդժբախտանան նորանոր ընտանիքներ:
Նորին Սրբությունը պրն. Վայներին տեղեկություններ է փոխանցել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանն ի նպաստ կազմակերպվող Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումների մասին:
Այս կապակցությամբ զրուցակիցները բարձր են գնահատել խաղաղասեր և բարեսեր բոլոր մարդկանց և պետությունների ջանքերը ի խնդիր խաղաղ ու ապահով աշխարհի կերտման:
Վեհափառ Հայրապետը նաև շնորհակալություն է հայտնել Գերմանիայի իշխանություններին այն զորակցության համար, որ ցուցաբերվում է պատերազմների արհավիրքներից տուժածներին:
Հիշեցնենք, որ վաղ ադրբեջանական կողմը թույլ չէր տվել Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին մուտք գործել Ադրբեջան, քանի որ գերմանացի պատգամավորը այցելել է Արցախ։ Այդ պատճառով էլ Մերկելի տարածաշրջան կատարվող այցի օրակարգը Ադրբեջանի այս քմահաճույքով փոփոխության ենթարկվեց, և Վայլերին փոխարինեց մեկ այլ պատգամավոր։