«Այս ամենն ինձ համար շատ համարձակ քայլ էր, բայց այլևս նման բան չեմ անի»․ Լիլի Մորտոն` BlogNews.am-ի ֆոտոշարքում


20:00 , 24 օգոստոս, 2018

Այն մարդիկ, ովքեր հետևում են Լիլի Մորտոյի ինստագրամյան էջին, շատ լավ գիտեն` ինչ սեքսուալ բնույթի լուսանկարներ է նա հրապարակում, նա չի վախենում ցույց տալ իր մարմինը` պարզաբանելով, որ դա գեղեցիկ է: Բայց կարծում եմ` շատերը չէին պատկերացնի, որ գուցե մի օր այդ ամենը կտեսնեն իրականում Երևանի փողոցներում, ավելին` BlogNews.am-ի ֆոտոշարքում: Ինչպես Լիլին է խոստովանում. «Սա շատ համարձակ ֆոտոշարք է, քանի որ այլ բան է, երբ համացանցում ես ցուցադրում, մեկ այլ բան, երբ այդ ամենն իրական է լինում:  Կարծում եմ` այլևս չեմ անի նման բան»:

Մարմինս ցուցադրելն ինձ համար արդեն սովորական է դարձել

Մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ չես ուզում՝ սոցկայքերը քեզ համար առաջնային լինեն, ուզում ես այլ կերպ ապրել: Սոցկայքերում մարմինս ցուցադրելն ինձ համար դարձել է արդեն սովորական: Գուցե ես տարին տասներկու ամիս եմ իմ մարմինը ցուցադրում, ինչը գուցե մարդկանց համար արտասովոր է, իսկ լողավազանում դա տեսնում են ամռանը: Կարծում եմ` հիմա շատերը նկատած կլինեն, որ սկսել եմ արդեն զուսպ հագնվել, ավելի հանգիստ, համեստ տեսքով եմ ներկայանում. դա կապված է անձնական կյանքիս փոփոխությունների հետ:

Գալիս է մի պահ, որ ուզում ես՝ կյանքումդ փոփոխություններ լինեն

Դու ուզում ես, որ անգամ կերպարդ փոխվի, և դա բնավ էլ կապ չունի ոչնչի հետ: Իհարկե, ոչ ամբողջովին, բայց ավելի զուսպ և հանգիստ: Շուտով ավելի զուսպ կլինեմ նաև սոցկայքերում, միգուցե պահ գա, որ առհասարակ չլինեմ  համացանցում: Սա բնավ կապ չունի իմ անձնական կյանքի փոփոխության հետ, պարզապես երբ մեկին սիրում ես և ցանկանում ես՝ հարաբերությունները լինեն այնպիսին,  ինչպես դու ես ուզում, ապա պետք է գնաս զիջումների:

Չարախոսությունները միշտ էլ լինելու են, և նշանակություն չունի, թե ինչպես կներկայանամ

Մեր երկրում քննադատություններն անխուսափելի են: Ինչ էլ անես, միևնույն է, վատ խոսակցությունները միշտ էլ լինելու են: Պետք է անկեղծ ասեմ` մարդիկ հաճախ պահանջում են, որ ես սեքսուալ բնույթի լուսանկարներ և տեսանյութեր հրապարակեմ, քանի որ նրանց աչքն արդեն սովոր է, որ իմ էջը պետք է այդ ոճում լինի: Անկեղծ ասած՝ ինձ համար էլ հետաքրքիր չէ, երբ հասարակ լուսանկար եմ տեսնում, որովհետև ցանկացած էջում կարող ես տեսնել այդպիսի նկարներ: Միայն բաց և անկեղծ լուսանկարներով կարող ես մեծ լսարան հավաքել սոցկայքերում:   

Իմ առաջին ինստագրամյան էջը փակեցին մեր հայրենակիցների շատ բողոքների պատճառով

Վերջին մի քանի ամիսներին ես շատ ակտիվ էի, որ ալիքը փոխում էին, ես էի, դա երևի զզվեցրել էր մարդկանց: Այդ ժամանակ իմ մասին շատ բացասական մեկնաբանություններ կային, մասնավորապես՝ աղջիկների կողմից, ովքեր հրամայում էին, որ մարդիկ այնպես անեին, որ իմ էջը փակվեր, և այդ մեկնաբանությունները հավանում էին հարյուրավոր մարդիկ: Արդեն վեց ամիս է՝ չեմ կարողանում իմ նախկին էջը վերադարձնել, իսկ այնտեղ մի ամբողջ կյանք կար:

Ինձ համար առաջին տեղում իմ անձնական կյանքն է

Երբ իսկապես սիրում եմ, երբ իսկապես ուզում եմ, որ այդ մարդն իմ կողքին լինի, ես գրեթե ցանկացած փոխզիջման պատրաստ եմ: Հիմա ինձ մոտ այնպիսի ժամանակաշրջան է, որ ես ուզում եմ փոխվել: Կա երկու կյանք` ինստագրամյան և իրական: Վերջինն իր հունով շարունակվում է, բայց ինստագրամյանն արդեն սպառված է:

Զգում եմ, որ ես շատ եմ տարբերվում ուրիշներից

Չեմ ուզում՝ մեծամիտ հնչի, բայց ես գիտեմ, որ ես հատուկ հատկանիշներով  մարդ եմ, չնայած ես երբեք չեմ ցանկացել առանձնանալ, պարզապես հանրության արձագանքն էր այդպիսին: Գեղեցիկ և սեքսուալ կնոջ համար ապրելը բարդ չէ, եթե հասարակությունը նրան ճիշտ է ընկալում: Եթե այս նույն բաները ես անեի Հայաստանից դուրս, միանշանակ, ավելի դրական կընկալվեի:

 Երբևէ իմ կյանքում չի եղել այնպիսի պահ, որ ինչ-որ բանի համար փոշմանեմ

Ես ավելի շատ փոշմանում եմ այն բաների համար, որոնք չեմ արել: Կարծում եմ` չի գա մի այնպիսի շրջան, որ փոշմանեմ իմ հրապարակած լուսանկարների համար: Գալիս է մի տարիք, որ ուզում ես ցուցադրել քո գեղեցիկ մարմինը, գիտես, որ այդ ամենը տգեղ չէ: Կյանքում ամեն ինչը ժամանակավոր է, անգամ մարդկանց հիշողությունները: Կգա պահ, երբ մարդիկ ընդհանրապես քո գոյության մասին կմոռանան: Ես չեմ համարում, որ իմ արածը սխալ է:

Չեմ վախենա ասել, որ ես ինձանից այնքան մեծ բան եմ ներկայացնում, որ տարբեր երկրներից առաջարկներ եմ ստանում

Այդ առաջարկները ես կարողանում եմ մերժել: Իհարկե, նրանք ինձ համոզում են: Այսինքն՝ իմ պահանջարկը կա: Այդ ամենը ստեղծել եմ ես, ինձ ոչ ոք չի օգնել, ոչ ոք խորհուրդ չի տվել: Դա կարող եմ համարել փոքրիկ հաղթանակ, որ ես ինձանից ինչ-որ բան եմ ներկայացնում: Իհարկե, մեր հասարակությունը դա վատ տեսանկյունից է ընկալում: Օրինակ` ռուսական շոուին մասնակցելուց հետո, երբ կարդում էի մեկնաբանությունները, բոլոր ռուս աղջիկներն այնքան դրական բաներ էին գրում, իսկ հայերը միայն վատն էին գրում:

Ռուսական հաղորդմանը հրավիրեցին հատկապես «Առաջին ալիքի» հաղորդման ժամանակ ինձ տեսնելուց հետո

Այդ հաղորդմանը ես գնացի Բարբիի տեսքով, քանի որ իրենք Բարբիի հետ կապված հաղորդում պետք է անեին, ինձ տեսել և հրավիրել էին: Հաղորդման հետ պայմանագիր էինք կնքել, որից հոնորար եմ ստացել: Տվյալ հաղորդումից հետո ես լավ առաջարկներ էի ստացել, բայց իմ անձնական կյանքում արդեն փոփոխություն կար, և ես որոշեցի անձնականն ընտրել:

Պայմանագիր եմ կնքել շատ լուրջ ընկերության հետ

Մի յուրահատուկ նախագիծ է լինելու, որը կցուցադրվի սեպտեմբերի 15-ին Comedy Club-ում, որտեղ հրավիրված եմ որպես հատուկ հյուր: Այնտեղ այդ ամենի մասին կհայտարարվի, իսկ ես հիմա փակագծերը չեմ բացում: Չեմ վախենա ասել, որ այդ նախագիծը կլինի Հայաստանում միակը: Կան այլ նախագծեր ևս, շուտով մեկնում եմ Իտալիա՝ այնտեղ դիզայներներից մեկի հետ համագործակցելու նպատակով. լինելու եմ այդ դիզայների հավաքածուի դեմքը: Առաջարկներ շատ եմ ստանում, բայց իմ ուղեղը զբաղված է անձնական կյանքով, դրա համար առաջարկների վրա շատ չեմ կենտրոնանում:

Հայաստանի պայմանների համար իմ պահանջած հոնորարները բավականին բարձր են

Եթե նկատել եք, իմ Ինստագրամում գրեթե չկան գովազդային հոլովակներ. դա խոսում է իմ պահանջած հոնորարների մասին: Արտասահմանյան պատվիրատուների հետ ավելի հեշտ է, քանի որ քո պահանջները նրանց համար այդքան էլ դժվար չեն, իսկ Հայաստանում այլ է: Իսկ երբ պետք է պայմանագիր կնքել, ես խորհրդակցում եմ իրավաբանների հետ, քննարկում, որից հետո նոր համաձայնություն տալիս: Առհասարակ, տվյալ առաջարկը պետք է իմ սրտով էլ լինի, այսինքն՝ այնպես չէ, որ միայն գումարն է կարևոր: Եթե ես ցանկանամ իսկապես մասնակցել այդ նախագծին, կարող եմ անգամ զիջումների գնալ: Իսկ ինչ վերաբերում է իմ պահանջած հոնորարին, այն մեկ միլիոնից ավել է:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները` Johny Core-ի
Արտ տնօրեն` Կարեն Անտինյան
Հագուստը` Nan Showroom-ի
Նկարահանումն իրականացվել է Voskevaz Wine-ում