18:16 , 20 մայիս, 2013
Իրավապաշտպան գործունեության համար Լեյլա Յունուսը պարգևատրվել է Պատվո Լեգիոնի շքանշանով, դրանից քիչ առաջ էլ Թեոդոր Հեքերի մրցանակ էր ստացել: Արիֆն ու Լեյլան ընկերներս են: Ես ուրախ եմ, որ Լեյլայի գործունեությունը գնահատվել է, ու շնորհավորել եմ նրանց:
Բայց հարցի երկրորդ երեսը կա՝ դժբախտ է այն պետությունը, որտեղ իրավապաշտպանը նման՝ բարձր պարգև (այլ պետության) ու հարգված մրցանակ (միջազգային) է ստանում՝ դա չհաջողված պետության նշան է:
Հույս ունեմ. որ Հայաստանից որևէ իրավապաշտպան կամ քաղաքացիական ակտիվիստ նման պարգևներ չի ստանա: Սա ասում եմ ոչ թե այն հիմքով, որ նախանձ եմ և չեմ ուզում, որ մերոնցից որևէ մեկն էլ պարգևներ ստանա:
Հնարավոր է նախանձ եմ, բայց խնդիրն անձս չէ. չնայած ամեն ինչի՝ համարում եմ, որ Հայաստանը, այնուամենայնիվ, չհաջողված պետություն չէ: Եվ անցած մի քանի տարիների փորձն էլ ցույց է տալիս, որ մեր պետության իրավաքաղաքական պրակտիկաները, այնուամենայնիվ, հնարավորություն տալիս են հենց պետության ինստիտուցիոնալ շրջանակներում լուծել քաղաքացիական խնդիրները... որ կարող են անգամ կապված լինել քաղաքացիական ընդվզման հետ (ինչը, ի դեպ, լեգիտիմ է):
Մեր պարագայում հարցի երրորդ երեսն էլ կա...խնդիր է մեր իրավապաշտպանների ու այսպես ասած՝ քաղաքացիական ակտիվիստների որակական բնութագրերը: Հնարավոր է, Հայաստանում կան իրավապաշտպաններ, կանաչներ, այլ կարգի ակտիվիստներ, ովքեր իրենց գործով են զբաղվում: Հնարավոր է կան, բայց ես իրենց չեմ ճանաչում...
Իսկ առավել հայտնիները, որպես կանոն, ոչինչ էլ չեն պաշտպանում: Նրանք «ունիվերսալ պայքարողներ» են, պատրաստ են պայքարել ամեն ինչի դեմ՝ նայած կոնյունկտուրայի... Գումարած՝ մերոնց հիմնական ասելիքը ինքնառեկլամն է: