«Փաստ». Ինչպես նախորդը, այսօրվա կառավարությունն էլ է մտածում, որ ամենահեշտ ճանապարհը Սևանն է. Բնապահպան


11:40 , 24 օգոստոս, 2018

«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում հավանություն տրվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։

Նախագծին հավանություն տալուց հետո հայտարարվեց «SOS Սևան» ակցիայի մեկնարկի մասին, որի նպատակը նախագծի ընդունումը կանխելն է: ԱԺ արտահերթ նստաշջանին ընդառաջ կմեկնարկեն նախաձեռնության ակցիաները: Նախաձեռնության անդամ, բնապահպան Սիլվա Ադամյանը «Փաստ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ խումբը կհավաքվի` հասկանալու հետագա քայլերը: Իսկ մինչ այդ` նախ խոստովանեց, որ իրեն շատ էր գոհացրել վարչապետի ելույթն այն մասին, թե Սևանին պետք չէ որպես ջրի տարա վերաբերվել:

«Ուրախացա, ելույթ ունեցա, ասացի` շատ շնորհակալ ենք, առաջին անգամ վերաբերմունք եղավ, պարզվեց` սխալվել ենք: Պարզվեց, որ կրկին շիլաշփոթ է այնտեղ. նախկինում նշանակվածների ամբիցիաները լավ գիտենք, իսկ շրջապատող նորանշանակների գիտելիքներն այն աստիճանի չեն, որ կարողանան այդ խնդիրները լուծել: Հարցը կտրուկ դրվեց, կառավարությունն էլ` հաստատեց: Ասացին` ցավում ենք, ցավոք սրտի: Բայց, կներեք, բառերով պետք չէ ցավել, պետք է լուրջ քայլեր արվեն: Մենք նախորդ կառավարության հետ անընդհատ կռիվների մեջ էինք, և ոչ մի շոշափելի արդյունք այդպես էլ չտեսանք նրանցից: Սևանն առողջացնելու համար ոչինչ չարվեց: Մենք խոսել ենք առանձին մասնագետների հետ, իրենք ասում են, որ Սևանից մի կաթիլ ջուր անգամ չի կարելի բաց թողնել: Առնվազն 5 տարի լիճը պետք է հանգիստ թողնել, որ այն իր ամբողջ էկոլոգիայով վերականգնվի: Տարբեր առաջարկներ, գիտական հիմնավորումներ են հնչել, բայց տեսնում ենք, որ ինչպես նախորդը, այսօրվա կառավարությունն էլ է մտածում, որ ամենահեշտ ճանապարհը Սևանն է»,–նշեց բնապահպանը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։