Tert.am-ը գրում է.
Մոսկվայում 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի սպանության համար մեղադրվող երեք դուստրերը՝ Մարիան, Քրիստինան ու Անգելինան, ընդունել են իրենց մեղքը։ Այդ մասին տեղեկացրել են աղջիկների փաստաբանները, փոխանցում է РИА Новости գործակալությունը։
Հայտնի է, որ այսօր Խաչատուրյան քույրերը բերվել են դատարան՝ նրանց խափանման միջոցը փոխելու մասին միջնորդության քննման նպատակով։ Ինչպես հայտնում է russian.rt.com-ը, դատարանն օրինական է ճանաչել Խաչատուրյան քույրերի կալանքը։
«Մարիան ցուցմունք է տվել, որը կարելի է համարել խոստովանական։ Սակայն այժմ մենք տալիս ենք առավել ծավալուն ցուցմունքներ, որոնք պատմում են դեպքին նախորդած իրադարձությունների մասին, կարելի է ասել՝ ծննդյան օրվանից սկսած։ Նրա ձեռքում դանակ է եղել, նա պնդում է, որ հասցրել է 5-ից ոչ ավելի հարված։ Միջնեկ քույրը նույնպես հարվածներ է հասցրել։ Փորձաքննությունը դեռ չի ապացուցել, այնպես որ վաղ է խոսել, թե ով որքան հարված է հասցրել և որն էր դրանցից մահացուն»,- նշել է աղջիկներից կրտսերի փաստաբան Յարոսլավ Պակուլինը։
Խաչատուրյանի ավագ դստեր՝ Քրիստինայի փաստաբանը լրատվամիջոցին հայտնել է, որ իր պաշտպանյալը նույնպես ցուցմունք է տվել, որը կարելի է համարել խոստովանական։