Երեկ մենք ականատես եղանք ԽՍՀՄ-ից հետո առաջին պետական միտինգին


12:25 , 18 օգոստոս, 2018

Եթե անգամ համարենք, որ Նիկոլը Պերիկլեսն է, մենք էլ հին Հունաստանում ենք ու գործ ունենք ուղիղ ժողովրդավարության հետ, ապա անգամ այդ դեպքում թագավորության/կայսրության/մեգապոլիսի բնակչության 10%-ով բարձրագույն իշխանություն ինքնահռչակվելը ծիծաղելի է: Ու մի համեմատական էլ. երբ 3 միլիոնանոց երկրում ընդդիմադիր քաղաքական ուժն անում է 50-60 հազարանոց հանրահավաք, դա հիանալի է, բայց երբ իշխանությունը, գործի դնելով ողջ պետական ապարատը, հավաքում է նույնքան բազմամարդություն ունեցող հանրահավաք, դա դեռ ոչինչ չի նշանակում և ինչ-որ տեղ անգամ ծիծաղելի է: 

Հիմա՝ մնացածի մասին. երեկ մենք ականատես եղանք ԽՍՀՄ-ից հետո առաջին պետական միտինգին: Երեկվա տեղի ունեցածը ՊԵՏԱԿԱՆ միջոցառում էր ու այնպիսի միջոցառում, որտեղ, Փաշինյանի իսկ խոսքերով, մասնակցում էին ոստիկանության, ԱԱԾ-ի, բանակի, սպաներն ու պետական ողջ ապարատը: Եթե Նիկոլի շեշտած մասնակիցներին, ԱՀ-ից իրենց նախկին վարչապետի ուղեկցությամբ Երևան բերված շուրջ 1000 արցախցիներին, մարզերից մարզպետների ու գյուղապետների ուղեկցությամբ Երևան բերված պետական միջոցառման մասնակիցներին հաշվենք, Նիկոլի՝ երեկվա արած պետական հանրահավաքն անգամ ավելի թույլ էր, քան Սովետի ժամանակվա մայովկեքն ու հեղափոխության օրերի պետական միջոցառումները: 

Հանրահավաքում հնչած մտքերի բովանդակությանը դեռ կանդրադառնամ, բայց մինչև էդ մի բան արձանագրենք. Նիկոլ Փաշինյանի ՀՔԾ-ն մարտի 1-ի գործով Քոչարյանին մեղադրում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, բայց մի հատ նորից լսեք Նիկոլի երեկվա ելույթը և լուրջ կհասկանաք, թե ինչ է նշանակում «սահմանադրական կարգի տապալում» բառակապակցությունը: