Երևանի կենտրոնում 20-ամյա օտարերկրացին բանկոմատից 15 մլն դրամ է հափշտակել. ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին


12:10 , 18 օգոստոս, 2018

Երևանի կենտրոնում օտարերկրացին բանկոմատից 15 մլն դրամ է  հափշտակել:

Դեպքի վերաբերյալ հարցին, թե արդյոք հայտնաբերվել է գողության մեջ կասկածվող քաղաքացին, և որքան գումար է հայտնաբերվել, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ միջադեպի վերաբերյալ ոստիկանություն ահազանգել են օգոստոսի 17-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում:


«Ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայի մոտ տեղակայված բանկոմատներից մեկից մի երիտասարդ մեծ գումարներ է հանում: Րոպեներ անց ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտայից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 20-ամյա մի օտարերկրացու»,-ասաց Ջանոյանը:

Նա հայտնեց, որ գողության կասկածանքով բերման ենթարկված օտարերկրացու մոտից հայտնաբերվել է 15 մլն դրամ, նա ձերբակալված է, կատարվում է քննություն: