Թուրքական մանրածախ առևտրի ընկերությունները դադարեցրել են iPhone-ի պատվերների ընդունումը


22:00 , 17 օգոստոս, 2018

Թուրքիայի մանրածախ առևտրի խոշոր ընկերությունները դադարեցրել են հաճախորդներից ամերիկյան Apple ընկերության iPhone բջջային հեռախոսների վաճառքի պատվերների ընդունումը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Hürriyet թերթը:

Թերթի տվյալներով՝ Dogubank էլեկտրոնիկայի շուկան, որը Ստամբուլում համարվում է էլեկտրոնիկայի ամենախոշոր ներմուծողը, 50 միլիոն դոլարի չափով iPhone-ների պատվերները չեղարկել է:

Ստամբուլի մի շարք էլեկտրոնիկայի ընկերություններ և շուկաներ նույնպես որոշել են չներմուծել ամերիկյան այդ հեռախոսները:

Բացի Apple ընկերության արտադրանքից՝ թուրքական ընկերությունները չեն ընդունում նաև այլ ամերիկյան ընկերությունների էլեկտրոնիկան: