ՀՀ ՊՆ-ի նոր հրամանը՝ զորքերում բջջային հեռախոսների կիրառման վերաբերյալ


13:00 , 17 օգոստոս, 2018

ՀՀ ԶՈւ-երի զինծառայողներն արդեն իրավունք ունեն օգտվելու բջջային հեռախոսներից, սակայն դա պետք է անեն համապատասխան կարգով: 

ՀՀ ԶՈւ ժամկետային պարտադիր զինծառայողների կողմից բջջային հեռախոսներից օգտվելու կանոնակարգ

Զինծառայողին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման և ինտերնետ հնարավորություններ չունեցող բջջային հեռախոս: Զորակոչված զինծառայողի բջջային հեռախոսը հաշվառվում է հանրապետական հավաքակայանում: Եթե զինծառայողի բջջային հեռախոսն ունի տեսագրման, ձայնագրման և ինտերնետ հնարավորություններ ապա հեռախոսը հանրապետական հավաքակայանում վերադարձվում է զինծառայողի ներկայացուցչին` հանձման-ընդունման ստացականի հիման վրա: Հանրապետական հավաքակայանում զինծառայողը ծանոթանում է բջջային հեռախոսակապով խոսակցությունների ժամանակ գաղտնիության ռեժիմի պահպանման պահանջներին: Զորամաս ներկայանալուց հետո զինծառայողը նախապատրաստական ստորաբաժանումում բջջային հեռախոսը ներկայացնում է հաշվառման: Զինծառայողին արգելվում է շարքում, պլանային և ոչ պլանային միջոցառումների, պարապմունքների, մարտական հերթապահության, վերակարգի, զենքի խնամքի ժամանակ օգտվել բջջային հեռախոսից: Զինծառայողը բջջային հեռախոսից կարող է օգտվել միայն զորամասի օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին: 
Զինծառայողի բջջային հեռախոսի հեռախոսավարձերի վճարումը կատարվում է զինծառայողի կամ նրա հարազատների կողմից: 

Հիշեցում.

1․ Բջջայինով խոսելիս խուսափեք զինվորական անցուդարձի մասին առնչվող խոսակցություններից:
2. Լարված իրադրության ժամանակ մի ՛ զանգահարեք ձեր մտերիմներին ու մի ՛ պատմեք ծավալվող իրադարձությունների մասին:
3. Մի կատարեք «վաղը մեզ մոտ տագնապ է լինելու» կամ նմանատիպ բովանդակությամբ այլ գրառումներ:
4. Մի հրապարակեք լուսանկարներ, որոնցում երևում են մարտական հենակետեր, դիրքեր, գաղտնի ապառազինություն կամ տեխնիկա, ավտոմեքենաների համարանիշներ և այլն:
5. Ռազմական գործողությունների ժամանակ անջատեք բջջային հեռախոսը:

Հիշեք՝ հակառակորդը լսում է ձեզ և կարող է ձեր հեռախոսի դիրքով ոչնչացնել ձեզ ու ձեր ստորաբաժանումը: