2-րդ նախագահը Փաշինյանին վերագրում է փողոցային գործչի, փողոցում պայքարողի կերպարը և չի տենսում նրան որպես կառավարության ղեկավար


11:12 , 17 օգոստոս, 2018

Իշխանությունների համար օգոստոսի 17-ի հանրահավաքը Ռոբերտ Քոչարյանի խոսքից հետո առավել քան կարևոր է լեփ-լեցուն հրապարակում անցկացնել։ Պետապարատի աշխատակիցներից շատերը, անկախ զբաղեցրած պաշտոններից, սոցցանցերում բավականին ակտիվ էին և մարդկանց հրապարակում լինելու կոչ էին անում։ ՔՊ ակտիվն էլ իր հերթին մեքենաների ազդանշաններով, թաղամաս առ թաղամաս մարդկանց հիշեցնում էին, որ օգոստոսի 17-ին հանրահավաք է լինելու։

2-րդ նախագահը, հասկանալով, որ իշխանությունն անելու է հնարավոր ամեն ինչ, որ հրապարակը լեփ-լեցուն լինի, իր խոսքում նշեց. «Հիմա նայեք, երեք օր է՝ կառավարությունը զբաղված է միտինգի նախապատրաստմամբ, ես եղել եմ տասը տարի նախագահ Հայաստանում, Ղարաբաղում, ես, կոպիտ ասած, ժամանակ չեմ ունեցել քիթս մաքրելու, որտեղի՞ց է այդ ժամանակը կառավարությանը, այսօրվա իշխանավորներին երեք օր՝ զբաղվելու միայն դրանով: Պատճառը դա է: Մարդիկ զբաղվում են նրանով, ինչից հասկանում են, այսպես ասենք՝ իրենց կոմֆորտային գոտին սա է, մարդ միշտ ձգտում է իրեն տեղափոխել այն ոլորտ, որից ինքն ինչ-որ բան է հասկանում»:

Ստացվում է՝ 2-րդ նախագահը Փաշինյանին վերագրում է փողոցային գործչի, փողոցում պայքարողի կերպարը և չի տենսում նրան որպես կառավարության ղեկավար։

Այս պահին, բացի լեփ-լեցուն հրապարակից, Փաշինյանին նաև 100 օրվա հաշվետվության լավ տեքստ է պետք։ Էքս նախագահի թիմը ուշի-ուշով հետևելու է հաշվետվության մեջ զետեղված թվերին, կատարված աշխատանքներին և ամեն շեղում թիրախավորվելու է։ Նյարդերի պայքար է սկսել, որտեղ սխալ քայլը կարող է «մահացու» լինել։