Թուրքիան ԱՄՆ-ի կողմից պողպատի մաքսատուրքերի բարձրացումը բողոքարկելու Է ԱՀԿ-ում


22:00 , 16 օգոստոս, 2018

Անկարան մտադիր է թուրքական պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը բարձրացնելու Վաշինգտոնի որոշումը բողոքարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի առեւտրի նախարար Ռուխսար Պեքջանը: «Թուրքիան ԱՄՆ-ին հրավիրել է Առեւտրի համաշխարհային կազմկերպության արբիտրների հարթակ: Ամերիկյան կողմն արդեն ստացել է հրավերը:

Այսպիսով, մեր կողմից դատաքննություն է նախաձեռնվել ԱՀԿ-ի շրջանակներում»,- ասել է Պեքջանը՝ Անկարայում ելույթ ունենալով Թուրքիայի դեսպանների եւ միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչների խորհրդակցությունում: Նրա խոսքը մեջբերել է Anadolu գործակալությունը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 10-ին հայտարարել է Թուրքիայի համար պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի կրկնակի ավելացման մասին: Նրա խոսքով՝ «Թուրքիայի համար ալյումինի մաքսատուրքերն այժմ կլինեն 20 տոկոս, իսկ պողպատինը՝ 50 տոկոս»:

Ի պատասխան Թուրքիայի իշխանություններն ավելացրել են ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքերի չափը, այդ թվում՝ ավտոմեքենաների, ալկոհոլի եւ ծխախոտի: Ռուխսար Պեքջանը հայտնել է, որ ԱՄՆ-ի դեմ Թուրքիայի լրացուցիչ մաքսատուրքերի ծավալը գնահատվում է տարեկան ավելի քան 500 մլն դոլար: «ԱՄՆ-ը Թուրքիայի կարեւոր, բայց ոչ միակ առեւտրական գործընկերն է: Անկարան միշտ էլ մուտք ունի տարբեր այլընտրական շուկաներ: Մենք կրկնակի ավելացրել ենք ԱՄՆ-ից ներկրվող 22 ապրանքների մաքսատուրքերը, մաքսատուրքերի լրացուցիչ ծավալը կազմում է 533 մլն դոլար»,- ասել է նա: Պեքջանը նաեւ պատրաստակամություն է հայտնել պաշտպանել «հայրենական ընկերությունների շահերը ԱՄՆ-ի անարդարացի քայլերից»: Նրա խոսքով՝ Թուրքիան հանդես կգա հայելային պատասխանով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: