Հաճախորդը ամուսնական գործակալությունից գումար է պահանջել՝ հարուստ փեսացուների բացակայության պատճառով


17:20 , 16 օգոստոս, 2018

Լոնդոնի բնակչուհին 13,1 հազար ֆունտ սթերլինգ է դատարով ստացել ամուսնական գործակալությունից, որը չի կարողացել գտնել իր երազանքի տղամարդուն։ Այս մասին հաղորդում է Metro պարբերականը։

2014 թվականին 47-ամյա Թերեզա Բուրկին դիմել է Seventy Thirty ամուսնական գործակալությանը։ Նա հարուստ փեսացու էր փնտրում՝ մի քանի տներով, ով իրենից երեխա կցանկանար ունենալ, բացի իր ունեցած երեք երեխաներից։

Ֆիրման պնդել էր, որ իր բազայում յոթ հազար թեկնածու կա, սակայն իրականում գործակալության ծառայություններից միայն հարյուր տղամարդ է օգտվել։ Նրանցից ոչ մեկը համապատասխան չի եղել կնոջը։ Դրանից հետո կինը համացանցում կարծիք է թողել, որտեղ Seventy Thirty գործակալությանը խաբեբաներ է անվանել։

Դատարանն այն եզրակացությանն է հանգել, որ ամուսնական գործակալությունը Բուրկիին մոլորության մեջ է գցել։ Դատարանը պահանջել է կնոջը վերադարձնել 12,6 հազար ֆունտ սթերլինգը. այն գումարը, որը նա ծախսել էր փեսացուներ ընտրելու վրա։ Բացի այդ, ֆիրման ստիպված է լինելու կնոջը 500 ֆունտ վճարել որպես փոխհատուցում՝ հուսահատության և տխրության համար։