Ադրբեջանը ցանկանո՞ւմ է դառնալ ՀԱՊԿ անդամ


11:00 , 16 օգոստոս, 2018

Ադրբեջանի իշխանությունները, օգտվելով հայ-ռուսական հարաբերություններում գոյություն ունեցող ճգնաժամից, փորձում են հնարավորինս օգուտ քաղել դրանից: Ալիևյան ԶԼՄ-ները և ապշերոնյան բռնապետի աշխատակազմի կողմից վերահսկվող քաղաքական գործիչները սկսել են «Ադրբեջանը ցանկանում է դառնալ ՀԱՊԿ անդամ» օպերացիան:

Բաքվում մոռացության են տալիս այն, թե ինչպես էին որոշ ժամանակ առաջ ՀԱՊԿ-ն քամահրական անվանում «Պուտինյան ՆԱՏՕ» և բացահայտում այդ կազմակերպության սնանկությունը: 

Այսպես՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի «Իրավական հարցերի և պետական շինարարության» հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլին ալիևյան ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչ օգուտներ կարող է ունենալ Բաքուն, եթե դառնա ՀԱՊԿ անդամ: ՀԱՊԿ անդամ դառնալու Հուսեյնլիի գլխավոր թեզիսներն են՝ «Պուտինյան ՆԱՏՕ-ի» անդամ դառնալով` Բաքուն կկարողանա հետ վերադարձնել, այսպես կոչված, օկուպացված տարածքները և նախնական համաձայն է հետ ստանալ Ջաբրայիլը, Ֆիզուլին ու Զանգելանը և էժան գնով զենք կգնի Մոսկվայից: Այսինքն` Հուսեյնլիի շուրթերով Իլհամ Ալիևը Մոսկվային հասկացնում է, թե ինչի դիմաց է Ադրբեջանը պատրաստ դառնալ ՀԱՊԿ անդամ: Բացի այդ՝ Բաքվում նաև չեն վարանում հիշեցնել, որ ՀԱՊԿ անդամ Ղազախստանը, Բելառուսը և Տաջիկստանն ավելի շատ Ադրբեջանի ընկերներն են, քան Հայաստանի: Ադրբեջանում բավական լավ նախապատրաստվել են «Ադրբեջանը ցանկանում է դառնալ ՀԱՊԿ անդամ» օպերացիային, որի վերաբերյալ օգոստոսի 10-ին բանակցել են Տաջիկստանի նախագահ Ռախմոնը և Ալիևը Բաքվում, իսկ դրանից մի քանի օր անց էլ՝ օգոստոսի 12-ին, Ակտաուում «Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին» կոնվենցիայի ստորագրման շրջանակներում Ալիևը հանդիպեց նաև ՌԴ նախագահ Պուտինի և Ղազախստանի առաջնորդ Նազարբաևի հետ: 

Իշխանափոխությունը Հայաստանում և ՌԴ վերնախավի անվստահությունը Փաշինյանի նկատմամբ հույսեր են արթնացրել Ալիևի մոտ, որ Բաքուն կարող է, խաղալով ներկայումս հայ-ռուսական հարաբերություններում գոյություն ունեցող անհամաձայնությունների վրա, մաքսիմալ օգուտ ստանալ դրանից: 

Բացի այդ՝ չպետք է մոռանալ, որ այս ամենը նաև պայմանավորված է Անկարա-Վաշինգտոն հարաբերություններում գոյություն ունեցող խորը հակասությունների հետ: Բաքուն և Անկարան համաձայնեցված են գործում միջազգային ասպարեզում: Օրեր առաջ Թուրքիայի նախագահը բացահայտ սպառնաց Վաշինգտոնին, որ Անկարան նոր գործընկերներ կգտնի իր համար: Իսկ այդ գործընկերոջ փնտրտուքը Անկարան սկսեց Բաքվից՝ վերջինիս շուրթերով սպառնալով Վաշինգտոնին, որ դեմ չէ դառնալ ՀԱՊԿ անդամ: 

Իրավիճակն ամբողջությանմբ հիշեցնում է 20-րդ դարի սկիզբը, երբ «իզգոյ» և միջազգային հանրության կողմից չճանաչված Խորհրդային Ռուսաստանը և քեմալական Թուրքիան, սերտ համագործակցելով իրար հետ, պատուհաս դարձան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների համար: Հենց այդ ժամանակ էր, որ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, խաբելով Լենինին, որ պատրաստ է Թուրքիան հռչակել սոցիալիստական երկիր և կոմունիստական գաղափարախոսությունը տարածել Մերձավոր Արևելքում, ստացավ ահռելի ֆինանսական և ռազմական օգնություն, որն ուղղեց ոչ թե Լենինին խոստացված ծրագիրն իրականացնելուն, այլ հայերին, քրդերին, ասորիներին, հույներին և արաբներին ոչնչացնելու վաղեմի ծրագիրն իրականացնելուն: Ստորագրվեցին հայերի համար կործանարար Մոսկվայի և Կարսի պայմանագրերը: Մուսթաֆա Քեմալին նաև հաջողվեց իր հարավկովկասյան կրկնակի համար Լենինից կորզել մեծ օգուտներ. Ադրբեջանին միացվեցին Արցախը և Նախիջևանը: Երբ Թուրքիան ստացավ Ռուսաստանից այն ամենը, ինչ ծրագրել էր, շատ արագ նետվեց Արևմուտքի գիրկը: 

Պատմությունը, ցավոք, սիրում է կրկնվել: 21-րդ դարի սկզբին պուտինյան Ռուսաստանը և էրդողանյան Թուրքիան գրեթե նույն «իզգոյներն» են և կրկին սերտ համագործակցում են միմյանց հետ, ինչպես 20-րդ դարի սկզբին: 
Սակայն այժմ խաղի մեջ է մտել նաև Մոսկվայի և Անկարայի ապօրինի ծնունդ Ադրբեջանը, որն, ավելի մոտ գտնվելով ծնողներից մեկի՝ Թուրքիայի հետ, տանդեմով է գործում վերջինիս հետ: Անկարան և Բաքուն մեր թիկունքում աճուրդի են հանել Ադրբեջանի՝ ՀԱՊԿ դառնալու հարցը և այն արդեն բարձրաձայնում են: 

Հ.Գ. «Ադրբեջանը ցանկանում է դառնալ ՀԱՊԿ անդամ» օպերացիան շինծու է, քանի որ՝ 

1. Բաքվում շատ լավ գիտեն, որ Հայաստանը դեմ կլինի Ադրբեջանի անդամակցությանն այդ կառույցին, 

2. Ադրբեջանը հենց ինքը չի ցանկանում դառնալ ՀԱՊԿ անդամ: 

Բաքվում առաջնորդվում են՝ «Փորձը փորձանք չէ» կարգախոսով: Եթե 20-րդ դարի սկզբին Աթաթուրքին հաջողվեց խաբել ռուսներին, ապա ի՞նչն է խանգարում Ալիևին 21-րդ դարի սկզբին ևս փորձել խաբել ռուսներին: