Այնթապի դպրոցի տնօրենը քաղաքացուն գրանցել է որպես պահակ, ում չաշխատելու դիմաց վճարել է 2 712 000 դրամ աշխատավարձ. Դատախազություն


13:30 , 13 օգոստոս, 2018

Արարատի մարզի Այնթափ համայնքի դպրոցի տնօրենը քաղաքացու հետ պահակ աշխատելու մասին աշխատանքային պայմանագիր է կնքել, ով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` աշխատանքի չի գնացել և աշխատավարձ է ստացել: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա հարուցվել է քրեական գործ:

Արարատի մարզի դատախազության դատախազը, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննված քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման օրինականությունը ստուգելիս, հաշվի առնելով Ս.Ի-ի` Արարատի մարզի Այնթափ համայնքի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում աշխատելու վերաբերյալ գործում առկա հակասական փաստական տվյալները, հանձնարարել է ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստել:

«Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արարատի մարզի Այնթապ համայնքի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Ա. Ս.-ն, առաջարկել է Ս. Ի-ն, 2014 թվականի հունիսին կնքել դպրոցում որպես պահակ աշխատանքի անցնելու վերաբերյալ աշխատանքային պայմանագիր, Ա. Ս.-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ աշխատանքի չի հաճախել և այդ ընթացքում՝ մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ը, ստացել է ընդհանուր շուրջ 2.712.000 ՀՀ դրամ աշխատավարձ՝ միաժամանակ յուրաքանչյուր ամիս Ա. Ս.-ի առաջարկով ստորագրելով աշխատանքի հաճախելիության մատյանում»,-ասաց Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով :

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին: