Ով իրեն ազգային համաձայնության կառավարությունից դուրս է զգում, ոչ մեկին չենք պահում. Նիկոլ Փաշինյան


18:10 , 11 օգոստոս, 2018

Tert.am-ը գրում է.

Տավուշի մարզ կատարած այցը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց լրագրողների հետ հարցուպատասխանով, որի շրջանակում էլ հայտարարեց՝ Հայաստանի Հանրապետությունում կոալիցիա չկա: Սա նրա պատասխանն էր հարցին, թե ինչ կարծիքի է այն մասին, որ ազգային համաձայնության կառավարությունում կոալիցիայի մաս կազմող «Դաշնակցությունը» քաղաքական որակեց ՀՀ երկրորդ նախագահի կալանավորումը:

«Այսինքն՝ դա թյուրըմբռնում է, մենք փորձ ենք արել Ազգային համաձայնության կառավարություն ձևավորել, ով իրեն դուրս է զգում Ազգային համաձայնությունից, մենք ոչ մեկին չենք բռնել և չենք պահում,»-հայտարարեց Վարչապետը:

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի հարցով Նիկոլ Փաշինյանը զանգեր ստացել է, վերջինս հարցով պատասխանեց՝ լո՞ւրջ եք ասում:

Փաշինյանի բրյուսելյան այցից հետո շատ է խոսվում, որ Հայաստանը Եվրամիությունից շատ լուրջ աջակցություն է ակնկալում, հատկապես ենթակառուցվածքների:

Լրագրողի հարցին ու դիտարկմանը, որ ոչ պաշտոնապես շրջանառվում է մինչև 1 միլիարդ եվրոյի աջակցության չափ, Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Հիմա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը և կառավարության ներկայացուցիչները Եվրամիության հետ աշխատում են այդ ուղղությամբ, և տպավորություն ունեմ, որ այս աշխատանքը կառուցողական է ընթանում: Եվ հույս ունեմ, որ այդ աշխատանքը արդյունավետ կլինի»:

Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանը գումարի վերաբերյալ հարցին չպատասխանեց և հավելեց, որ գումար չի կարող նշել: Վարչապետը հավելեց, որ Հայաստանի զարգացման հենասյուներից մեկը համարում են «Էկո Հայաստանի» կայացումը: 

«Տեսեք, երբ մենք ասում ենք ներառող տնտեսական աճ, ի՞նչ նկատի ունենք: Նկատի ունենք, որ ինչ-որ ընկերություն ընդերքի արտահանմամբ ստանում է գերշահույթներ, որոնք, մեծ հաշվով, և, այո, ապահովում են տնտեսական աճի ցուցանիշներ, բայց նրանք հանրային կյանքի նկատմամբ չունեն այնպիսի ազդեցություն, ինչպիսին պետք է ունենան: Եվ Ձեզ ասեմ, որ մետաղական հանքերում լինելու են շատ լուրջ ստուգումներ: Բացառում եմ, որ լինի այնպիսի հանք, որ խուսափի այս ստուգումներից: Մենք տվյալներ ունենք իրական, պետության առաջ ունեցած պարտավորությունների թերկատարումների մասին»,-ավելացրեց Նիկոլ Փաշինյանը: 

Նա հավաստիացրեց, որ բոլոր թերակատարումները կատարվելու են: Իսկ ռազամավարական առումով չի համարում, թե հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության ապագան է: Բայցև՝ իրավիճակը մի օրում հնարավոր չի փոխել: Իսկ Հայաստանի տնտեսական ապագան, ըստ վարչապետի՝ բարձր տեխնոլոգիական արտադրանքի թողարկումնն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։