1 տարի առաջ Պռոշյան գյուղում նորածնին մայրը ծառի տակ էր թողել. գործն ուղարկվել է դատարան


17:00 , 11 օգոստոս, 2018

Նախորդ տարվա օգոստոսի 12-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի փողոցներից մեկում՝ ծառի տակ հայտնաբերված նորածնի մայրը որոշ ժամանակ առաջ հայտնաբերվել էր և նրան մեղադրանք էր առաջադրվել:

Գործի նախաքննությունն ավարտվել է: 

Նախաքննությամբ պարզվել է, որ Սոնա Գասպարյանը 2017 թվականի օգոստոսի 12-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի 34 հասցեում գտնվող առանձնատան պետքարանում ծննդաբերելով իգական սեռի երեխա և ցանկանալով նորածնի գոյության փաստը քողարկել հանրությունից, որոշել է նորածնին թողնել իր բնակության վայրին հարակից Կոտայքի մարգի Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի 36-րդ տան հետնամասում գտնվող այգում:

Ըստ մեղադրանքի՝ Գասպարյանը ծննդաբերությունից կարճ ժամանակ անց նորածնին՝ մերկ, անօգնական վիճակում, գործով ինքնությունը չպարզված անձի հետ ու նրա օգնությամբ տարել ու միասին թողել են հիշյալ հասցեում տեղակայված տան անմշակ այգում՝ ուղղակի դիտավորությամբ թողել անօգնական վիճակում։

Սոնա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 128-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելը:

Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Սոնա Գասպարյանի նկատմամբ խափանման միջոնց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործն ուղարկվել է Չարենցավանի դատարան: