Ռուբլու արժեզրկմանը զուգահեռ պետք է հայկական դրամը որոշ չափով թուլացնել. տնտեսագետ


15:40 , 11 օգոստոս, 2018

Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանի նկատմամբ կիրառվող նոր պատժամիջոցներն իրենց ազդեցությունը կունենան նաև Հայաստանի վրա, քանի որ մեր տնտեսությունն անմիջականորեն կապված է ՌԴ տնտեսության հետ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

«Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները մեզ համար ևս կարող են լինել բացասական, քանի որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերն է»,- ընդգծեց նա:

Ատոմ Մարգարյանը նշեց, որ պատժամիջոցներն ուղղված են այն ընկերությունների դեմ, որոնք  ներդրումներ կանեն պետական պարտատոմսերում, իսկ դա նշանակում է լուրջ հարված հասցնել Ռուսաստանի ֆինանսական համակարգին:

«ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել նաև Ռուսաստանի խոշոր բանկերի դեմ, և երրորդ երկրների սուբյեկտներին արգելվում է գործարքներ անել այդ բանկերի հետ: Սա ևս լուրջ հարված կլինի»,- ասաց տնտեսագետը:

Այսպիսով, ըստ նրա, այդ ամենն անխուսափելիորեն հանգեցնելու է ռուբլու արժեզրկմանը։

«Ռուբլին արդեն 4,5 տոկոսով արժեզրկվել է, և եթե պատժամիջոցներն աշխատեն, ռուբլու փոխարժեքը կարող է հասնել մինչև 1 դոլարի դիմաց 75 ռուբլու, ինչը մեծ շոկ կարող է առաջացնել: Դա կհանգեցնի գնաճի, ներդրումային ծրագրերի կասեցմանը, բնական է կնվազեն նաև մարդկանց եկամուտները»,- ասաց տնտեսագետը:

Բնականաբար, ըստ նրա, այդ ամենից կտուժի նաև Հայաստանը. «Պատժամիջոցների հետևանքով, վերջին չորս տարիներին Ռուսաստանը  կորցրել է ՀՆԱ-ի 0,2 տոկոսը, ինչը կազմում է մոտ 400 մլրդ դոլար, իսկ բնակչության եկամուտները կրճատվել են  մոտ 12 տոկոսով: Բնական է, որ նվազելու են նաև արտագնա աշխատողների եկամուտները, ինչի հետևանքով կկրճատվեն մասնավոր տրանսֆերտները:  Հայաստանից հիմնականում արտագնա աշխատանքի մեկնում են Ռուսաստան և մասնավոր տրանսֆերտների 80 տոկոսից ավելին ստացվում է այդ երկրից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։