«Մայիսից արտագաղթը Հայաստանում կանգնել է». Ն. Փաշինյանը՝ Բերդի բնակիչներին


13:48 , 10 օգոստոս, 2018

Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Բերդ քաղաքում, բնակիչներին բացատրեց, որ եթե բողոքում են, որ Բերդի հիվանդանոցում ծննդկաններից փող են վերցնում (ծննդօգնությունն անվճար է), թող բողոքելուց հետո կոնկրետ հասցեատիրոջ նշեն: 

«Մարդիկ գալիս են, ասում ենք՝ ժողովուրդ ջան, մենք չենք կարող անանուն նամակի վրա, առանց հասցեի իմանանք… Մեկդ եկեք ասեք՝ ով է, եկեք հաստատե՛ք: Մենք արմատախիլ կանենք այդ երևույթը և այդպես վարվողներին խստագույնս կպատժենք: Բայց մի հոգի չի գտնվում, այդ թվում՝ բողոքավորները, որ կոնկրետ անուն տան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Նա հռետորական հարց տվեց. «Ի՞նչ, մենք ամբողջ ազգով, կներեք արտահայտությանս համար, ուզում ենք գողական լինել ու թալանի դեմն առնե՞լ։ Չի լինի այդպես»։ 

«Ես հիմա կառավարության ու երկրի ղեկավարի կարգավիճակում եմ, դուք էլ եք հիմա երկրի ղեկավարի կարգավիճակում, որովհետև Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարը քաղաքացին է:

Ես երկրի ղեկավարի, բայց քաղաքացու ծառայի կարգավիճակում եմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Նա առաջարկեց. «Ժողովուրդ ջան, մի՛ սպասեք, եկեք և օր առաջ ձեր հայրենիքը շենացրեք»: 

Վարչապետն այս համատեքստում հավելեց, որ պետք է փոխվի բարեգործության տրամաբանությանը աշխատանքի տրամաբանությամբ. երբ ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեջ գտնվող ամեն մի հայ, հայաստանցի գումար է ուղարկում Հայաստանում գտնվող ազգականներին, բայց ներդրումներ չի անում հայրենիքում: Հիմա, նրա խոսքով, նման բան չի կարող լինել, որովհետև նոր Հայաստանի կառավարությունը երաշխավորում է ներդրումների անվտանգությունը: 

«Այն ժամանակ դա անում էին, որովհետև վախենում էին՝ մի գործ դնեն, բիզնես, գալու են, փայ են մտնելու, խլելու են: Ես ասում են՝ նման բան չի կարող լինել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և ավելացրեց՝ հետևաբար սպասելու հարց չկա: 

Նա խնդրեց հաղթահարել վատատեսության տրամաբանությունը և ասաց, որ լավ նորություն ունի՝ մայիս ամսից սկսած արտագաղթը Հայաստանում կանգնել է: