Եփովի կրեմն արդարացիորեն համարվում է ամենահաջող կրեմներից մեկը: Այն հեշտությամբ ներծծվում է՝ թխվածքին հաղորդելով փափուկ և հաճելի կազմություն: Վերջինս դոնդողանման զանգված է, որը պատրաստվում է կաթից/սերուցքից, ձվից, շաքարից և խտացուցիչից:
Որպես խտացուցիչ, հիմնականում օգտագործում են ալյուր, կարտոֆիլի, եգիպտացորենի, կամ բրնձի օսլան:
Հերթով դիտարկենք բաղադրիչները.
Շատ կարևոր է ի սկզբանե ընտրել հեղուկ բաղկացուցիչը: Կաթով եփովի կրեմը ստացվում է ավելի թեթև և դիետիկ: Սերուցքը, սակայն, կրեմին հաղորդում է անչափ հաճելի համ և նրբություն: Կախված ճաշակից և պատրաստվող աղանդերից, կարելի է ընտրել թե՛ մի, թե՛ մյուս տարբերակը:
Cooks.am-ը խորհուրդ է տալիս պարզապես համադրել երկու տարբերակները: Օգտագործեք կաթի և սերուցքի խառնուրդ 1:1 կամ 2:1 հարաբերությամբ և կստանաք նրբության և թեթևության իդեալական համադրություն:
Ձուն այստեղ հանդես է գալիս որպես կցող նյութ: Վերջինիս քանակը ևս խիստ սահմանված չէ. 1 լիտր հեղուկի հաշվով օգտագործվում է ընդհուպ մինչև 400 գր ձու: Սակայն, պետք է հաշվի առնել, որ ձվի մեծ քանակությունը տալիս է պնդություն և միևնույն ժամանակ, թեթև «ձվային» համ, իսկ ձվի քիչ քանակի պատճառով կրեմը կարող է ավելի ծորուն կազմություն ունենալ:
Անկախ նրանից, թե ինչ խտություն ենք պատրաստվում ստանալ, cooks.am-ը հորդորում է օգտագործել միայն դեղնուցները: Այս դեպքում կրեմը ստացվում է շատ ավելի նուրբ և հալչող:
Շաքարավազը պետք է օգտագործել ըստ ճաշակի: Գերադասելի է այն չչարաշահել, քանի որ շատ տորթերի և աղանդերների համը փչանում է միայն և միայն չափից դուրս քաղցրության պատճառով: Կրեմը պետք է լինի չափավոր քաղցր և լրացնի մյուս բաղկացուցիչների համը:
Մենք խորհուրդ ենք տալիս շաքարավազի քանակն ավելացնել միայն 2 դեպքում՝ եթե ստիպված եք կրեմը պատրաստել նախօրոք և պահպանել սառնարանում 2-3 օր, կամ էլ, եթե աղանդերում կամ թխվածքում օգտագործվում են թթու մրգեր և հատապտուղներ:
Շատ կարևոր է խտացուցիչի ընտրությունը, քանի որ դրանից կախված արդունքը կարող է լինել խիստ տարբեր: Ինչպես արդեն ասեցինք, որպես խտացուցիչ կարող են հանդես գալ ալյուրը, կարտոֆիլի օսլան, եգիպտացորենի օսլան և բրնձի օսլան:
Վերջին տարիներին խոհարարները խորհուրդ են տալիս օգտագործել եգիպտացորենի օսլայի և բրնձի օսլայի խառնուրդ՝ իդեալական արդյունք ստանալու համար։
Եվ, իհարկե, ինչպես ցանկացած աղանդերում, չենք մոռանում վանիլինի և մի պտղունց աղի մասին:
Դե ինչ, հաջողություն ենք մաղթում, և շատ համեղ աղանդերներ :))))