«Ժամանակին սիրել եմ ու շատ, բայց այս պահին սիրտս ազատ է». Գևորգ Հայրապետյանը՝ անձնականի, հայտնիության ու առաջին հոնորարի մասին


17:00 , 8 օգոստոս, 2018

Երիտասարդ դերասան Գևորգ Հայրապետյանի համար «Արմենիա Պրեմիումիով» հեռարձակվող «Թունավոր սեր» հեռուստասերիալը դեբյուտային էր: Գլխավոր հերոսին մարմնավորող Գևորգն իր խարիզմայով ու ոչ սովորական արտաքինով միանգամից գրավեց հեռուստադիտողի սիրտը: Գևորգին, սակայն, մինչ էկրաններին հայտնվեը հանդիսատեսը հնարավորություն է ունեցել տեսնելու բեմում՝ սկզբում՝ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում, ապա՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում և Համազգային թատրոնում: Դերասանը հիմա թողել է բեմը՝ ուշադրությունն ամբողջությամբ  կենտրոնացնելով կինոյի վրա: BlogNews.am-ը Գևորգի հետ հետ զրուցել է ներկայիս զբաղվածության, անձնականի, հայտնիության, առաջին հոնորարի և դերասանական ասպարեզում սկզբունքայնության մասին:

Գևորգին հեռուստատեսություն բերեց «Թունավոր սեր» հեռուստասերիալը: Աղասի կերպարը դերասանի համար դեբյուտային էր: Գևորգի խոսքով՝ հեռուստասերիալի ու իր կերպարի մասին արձագանքները միայն դրական են եղել. «Որպես առանցքային դեր՝ սա առաջինն էր: Մեծ պատասխանատվությամբ եմ մոտեցել: Անկեղծ եմ ասում՝ ոչ մի բացասական մեկնաբանություն դեռ չեմ լսել հեռուստադիտողներից՝ բարի, դրական, ազնիվ։ Ես իմ ու կերպարիս միջև գտել եմ նմանությունը և փորձել եմ հնարավորինս տեղ հասցնել ասելիքը: Աշխատել եմ շատ հետաքրքիր ու գույներ ունեցող դերասանների հետ»:

29497850_1699948206766094_2060705737542110371_n

«Թունավոր սեր»-ը մի քանի շաբաթ է, ինչ ավարտվել է, ու Գևորգն այժմ հանգիստն է վայելում: Ասում է՝ երկամսյա ծանր աշխատանքներից հետո արժանացել է դրան, քանի որ ջանք ու էներգիա չի խնայել իրեն լավագույնս դրսևորելու համար. «Ինձ մոտ հիմա պասիվ շրջան է, բայց դա երկար չի շարունակվելու, քանի որ սեպտեմբերից մտադիր եմ նոր թափով անցնել գործի: Մի քանի նախագծերից կան առաջարկներ, սակայն դեռ վաղ է դրանց մասին բարձրաձայնելը: Եթե անկեղծ, կասեմ, որ չէի ցանկանում շարունակել նկարահանումները հեռուստասերիալներում, սակայն ամեն ինչ միշտ չէ, որ մեր ուզածով է լինում: Կան մի շարք հանգամանքներ՝ ստեղծագործական թիմը, դերասանական կազմը, որոնք կարող են ինձ ստիպել փոխել միտքս»:

Գևորգն իր առաջին հոնորարը ստացել է 13 տարեկանում. «Ավտոմեխանիկի մոտ սովորում էի, ու մեքենա բերեցին, որի դուռը պոկված տեղ ուներ, զոդեցի, ու վարպետս ինձ պարգևատրեց: Արդեն չեմ հիշում, թե որքան էր գումարը, բայց հիշում եմ՝ ինչի վրա ծախսեցի․ ընկերներիս համար «ֆիշկա» գնեցի խանութից, ու մենք վազեցինք խաղալու։ Այդ տարիներին դա շատ տարածված էր»:

Ամենառեյթինգային հեռուստասերիալում զբաղվածությունը Գևորգին միանշանակ նաև հայտնիություն է բերել: Սակայն ինչպես դերասանն է նշում, կայծակնային ճանաչվածությունը ոչ մի կերպ չի անդրադարձել իր մարդկային որակների վրա. «Ընդհանրապես, իմ կյանքում ոչինչ չի փոխվել: Ես նույն ձևով շարունակում եմ շփվել մարդկանց հետ ու, ինչքան հնարավոր է, տալիս եմ դրական լիցքեր, որովհետև կարծում եմ, որ դերասանի մասնագիտության առաքինությունն այն է, որ միշտ պոզիտիվ ու օգտակար լինի, թեկուզ և ճաշակ թելադրելու հարցում»:

29541702_1699943603433221_7831370792263955299_n

Գևորգի մասին համացանցում գրեթե տեղեկություն չկա կամ քիչ է, այդ իսկ պատճառով մեր զրուցակցին խնդրեցինք պատմել ընտանիքի մասին: Գևորգն առաջնահերթ կարևորեց մոր գործոնը, որի դերակատարումը մեծ է եղել իր մասնագիտական ուղու ընտրության հարցում. «Իմ՝ դերասանի կարիերայի համար պարտական եմ մայրիկիս: 14-15 տարեկանում նա ինձ տարավ «Հայ ֆիլմ» կինոդերասանի ստուդիա, որտեղից էլ սկսվեց ամեն ինչ: Հենրիկ Մարգարյան, Ալեքսանդր Գրիգորյան․ ես ինձ բախտավոր եմ համարում, որ նման մարդկանց հետ եմ աշխատել, նման մարդիկ բղավել են ինձ վրա, նման մարդիկ ինձ ասել են, որ սիրում են»:

«Հայրս երկրում չէ, ապրում եմ մորս հետ: Քույր, եղբայր չունեմ: Իհարկե, տան միակ երեխան լինելն ինձ որոշակի արտոնություններ տվել է: Կար ժամանակ, որ ես կամակոր էի, բայց հասկացա, որ այն ընտանիքում, որ ես եմ ապրում ու մորս հետ  կամակոր լինել պետք չէ: Պետք է սովորես հանդուրժել ու ներել, պետք է մարդ լինես, որպեսզի միշտ ուրախ ու ժպիտը դեմքին տեսնես այն մարդուն, ում սիրում ես»:

Պարզվում է՝ ի սկզբանե կինոն այնքան էլ չի գրավել Գևորգին: Դերասանն իրեն առաջին հերթին փորձել է թատրոնում. «Թատրոնն ու բեմն ուրիշ աուրա ու ձգողականություն ունեն, որոնք բառերով դժվար է նկարագրելը: Ժամանակի ընթացքում բախտ ունեցա նաև աշխատելու տեսախցիկի հետ ու սիրահարվեցի նաև կինոյին՝ հասկանալով, որ դա ամենևին էլ չի շեղում դերասանին իր ճիշտ ուղուց: Մի շարք թատրոններում ու ներկայացումներում հանդես եմ եկել, բայց այս պահին թատրոնում զբաղվածություն չունեմ: Բեմն իհարկե ձգում է, ու հենց այդ պատճառով էլ այս ընթացքում աշխատում եմ որպես բեմադրող ռեժիսոր: Ինձ համար հետաքրքիր է ինձ փորձել նաև այս տեսանկյունից, երբ կուլիսներից ես հետևում անցուդարձին»:

36572029_1809326579161589_5879522005853667328_n

Գևորգի համար հեշտ է գեղեցիկ աղջիկների ուշադրության կենտրոնում լինելը. «Պատկերացրեք՝ ես չեմ կենտրոնանում այդ հանգամանքի վրա: Այո՛, հաճախ են գրում աղջիկները, ես սիրով պատասխանում եմ: Օրինակ՝ վերջերս մեկը խնդրել էր տեսաուղերձով շնորհավորել իր քույրիկին ծննդյան օրվա կապակցությամբ, քանի որ աղջիկը շատ է սիրում ինձ: Առանց երկար մտածելու կատարել եմ խնդրանքը»:

Որքան էլ զարմանալի է, Գևորգը հակված չէ իր ժամանակը համացանցում վատնելուն: Նրա սոցիալական ցանցի էջերը համեմատաբար ավելի պասիվ են: Դերասանն ունի իր բացատրությունը. «Ես չեմ սիրում համացանցում ակտիվությունը, նույնիսկ ուզում եմ ընդհանրապես հեռացնել իմ էջերը սոցիալական ցանցերից: Կարող է թվալ, որ առանց դրա 21-րդ դարում անհնար է, բայց հավատացեք, կարելի է չօգտվել համացանցից ու ապրել նույնիսկ  առանց դրա, ընդ որում՝ շատ ավելի հանգիստ: Ես ավելորդ ժամանակ եմ ծախսում այնտեղ, որը կարող եմ ավելի նպատակային օգտագործել ու հասուն մտքերով լցվել: Ես մարդու այն տեսակն եմ, ով համացանցը չի կարողանում դիտարկել որպես ինքնարտահայտման հարթակ»:

Դերասանն այնքան էլ չի սիրում խոսել անձնական կյանքի մասին, սակայն միաժամանակ հասկանում է, որ, հանրային մարդ լինելով, արդեն որոշակիորեն խախտվել է անձնական տարածք ունենալու իր իրավունքը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Գևորգը համաձայնում է պատասխանել նաև հարցին՝ արդյո՞ք այս պահին զբաղված է իր սիրտը. «Ժամանակին սիրել եմ ու շատ, բայց այս պահին սիրտս ազատ է: Չեմ ուզում խոսել այն մասին, թե ինչու չստացվեցին մեր հարաբերությունները․ երևի պատճառներից մեկն էլ այն էր, որ մենք տարբեր մասնագիտություններ ու աշխարհայացքներ ունեինք: Նա բժշկուհի էր: Այս պահին ինձ համար առաջնայինը կարիերան է, սակայն չեմ համարում, որ  ամուսնությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ մասնագիտության մեջ առաջ գնալու համար: Ավելին՝ այդ պատասխանատվության գիտակցումը կարող է օգնել, ուժ տալ, որ  առաջ շարժվես: Ես այն տարիքում եմ, որ ինձ միայնակ լինելն առայժմ չի խանգարում»:

37184363_214156875954208_4135064345014960128_n

Աղջիկների մեջ առաջին հերթին Գևորգը գնահատում է բարությունը, արտաքինը նրա համար երկրորդական է. «Ինձ համար մեծագույն արժեք է բարությունը: Կարող է հիմա մի քիչ մեծամիտ հնչել, բայց մինչև այսօր չի եղել դեպք, որ դժգոհ լինեմ իմ կողակցի տեսքից»:

Գևորգը դեռ 24 տարեկան է, բայց նվաճումների մասին խոսելիս առանձնահատուկ ընդգծում է հասկացվածությունն ու ներքին խաղաղությունը, որ ձեռք է բերել վերջին շրջանում. «Ես հրաժարվել եմ այն ամենից, ինչը կարող է վնաս պատճառել ինձ ու իմ շրջապատին: Ժամանցի կազմակերպման առումով էլ ինձ համար նախընտրելի տարբերակ է քաղաքից դուրս, բնության գրկում ընկերներիս հետ ժամանակ անցկացնելը, քան ակումբում: Բայց, իհարկե, իմ ձեռքբերումների գագաթնակետը կլինի այն, որ կստեղծեմ իմ սեփական ընտանիքը, կունենամ զավակներ ու նրանց կդաստիարակեմ իմ արժեքներով»:

Գևորգն անկեղծանում է հատկապես, երբ խոսքը վերաբերում է իր երեք ամենակարևոր բնորոշիչներին. «Շրջապատում ես առանձնացած եմ իմ աշխարհում: Ես ունեմ մի բան, որ մենակ իմն է: Ինչ-որ վիճակում երկար մնալ չեմ կարողանում, ես փոփոխությունների ու նորությունների սիրահար եմ: Սահմանափակ, ընկճված եմ զգում, երբ նույն տեղում անդադար մնում եմ: Ինձ բնորոշ է նաև միամտությունը: Հավատում եմ մարդուն ու նվիրվում: Նաև ներող եմ: Եթե ինչ-որ մեկը վեճ կամ թեթև բախում է ունենում ինձ հետ, ես մի քանի րոպեում մոռանում եմ՝  ինչն էր պատճառը: Քինախնդիր չեմ»:

Այդքանով հանդերձ, սակայն, դերասանին ամենաշատն այս կյանքում կարող է վիրավորել սուտը. ««Քաղցր սուտ, քան դառը իրականություն». ինձ համար ընդունելի չէ այս արտահայտությունը: Եթե ստել են, ուրեմն՝ վերջ, պատճառներն ինձ այլևս չեն հետաքրքրում: Երբ խոսում է հաղթանակների ու ձեռքբերումների մասին, հենց դա նկատի ունեի, որ իմ կյանքից բացառել եմ այն ամենն, ինչը կարող է սուտ բերել»:

37233882_332913590582306_2734718729492365312_n

Նյութը՝ Էմմա Վարդանյանի