Նոյեմբերյանի զոհված զինվորի ստորաբաժանման ղեկավարն ու ոլորտի մի շարք պատասխանատուներ ազատվել են աշխատանքից


23:15 , 18 մայիս, 2013

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մոտ առավոտյան տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ մի շարք բարձրաստիճան զինվորականներ՝ Նոյեմբերյանում օրերս ծառայակցի կողմից արձակված կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի ստորաբաժանման ղեկավարն ու ոլորտի մի շարք պատասխանատուներ ազատվել են զբաղեցրած պաշտոնից:

 

Այս մասին Tert.am-ին հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Հարությունյանը, անդրադառնալով Երևան –Սևան ավտոճանապարհի վրա ոստիկանության և այլ կառույցների մի քանի ստորաբաժանումների ներկայացուցիչների առկայությանը, գրել է.«Ո՞ր որոշման հիման վրա է բանակը դուրս բերվել ժողովրդի դեմ, ո՞վ է հրաման տվողը: Սրա տակից ո՞նց եք դուրս գալու»:

 

Tert.am-ի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանն ի պատասխան ասաց.«Այնտեղ եղել են պաշտպանության նախարարը, ռազմական ոստիկանության ներկայացուցիչները, զինվորականներ, բայց եթե նկատի ունեն ժողովրդին ցրելու համար բանակի ինչ-որ ստորաբաժանում, ապա բանակը «ժողովրդին ցրելու» համար մի զինվոր անգամ չի ուղարկել»: