Մաքսազերծմամբ զբաղվող «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊԸ-ն չի վճարել շուրջ 120 մլն դրամի հարկային պարտավորություն. ՊԵԿ


12:00 , 7 օգոստոս, 2018
«Դեվիդ Տուր» տուրիստական գործակալության սեփականատեր Գրիգոր Բալյանի կողմից ղեկավարած «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊ ընկերությանը, որը հանդիսացել է այսպես կոչված «Կարգո» ընկերություն և սահմանված որոշակի գումարների դիմաց զբաղվել ՀՀ-ում գործող տարբեր տնտեսվարողների կողմից Թուրքիայի և Չինաստանի Հանրապետություններից ձեռք բերած խառն ապրանքների տեղափոխմամբ և մաքսազերծմամբ, իր գործունեությունը կազմակերպել է հարկային ռիսկային պլանավորմամբ, որի արդյունքում, նախնական տվյալներով, չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել շուրջ 120 մլն ՀՀ դրամի հարկային պարտավորություն  (առանց տույժ և տուգանքների): 

Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի լրատավական բաժնից: 

Գրիգոր Բալյանին են պատկանել նաև համանման գործունեություն իրականացրած «Պուլման» ՍՊ  ընկերությունը: 

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ,  ընկերություններում նշանակվել են համալիր հարկային ստուգումներ: Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվել են և կատարվում են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ: 

Նախաքննությունը շարունակվում է: