Իսրայելի ամենաեկամտաբեր ու հեղինակավոր մասնագիտությունները


10:30 , 7 օգոստոս, 2018

Հայաստանում ընդունելության քննությունների արդյունքների ամփոփման և բուհական համակարգում ակնկալվող կարևոր փոփոխությունների համատեքստում հետաքրքիր է, թե որ մասնագիտություններն են առավել տարածված մեզ համար օրինակելի Իսրայել պետությունում: Այսպես, եթե Հայաստանում դիմորդների շրջանում ամենապահանջված մասնագիտությունների ցանկում են տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները, իրավագիտությունը, միջազգային հարաբերությունները, հանրային կառավարումը, տնտեսագիտությունը, ապա Իսրայելում պատկերը որոշակիորեն տարբերվում է:

Թել Ավիվի «Լևինսկի» ակադեմիական քոլեջի մասնագետների անցկացրած սոցհարցման շրջանակներում մասնակիցներին առաջարկվել է գնահատել երկրում առավել լայն տարածում ունեցող 6 մասնագիտությունների նշանակությունը: Ուսումնասիրության արդյունքում Իսրայելում ամենապահանջված մասնագիտությունների առաջատար վեցյակը ներկայացվում է ըստ 3 հիմնական չափորոշիչների՝ ամենահեղինակավոր, ծնողների կողմից խորհուրդ տրվող և ամենաեկամտաբեր մասնագիտություններ բաժիններով:

Ըստ այդմ՝ Իսրայելում ամենահեղինակավոր մասնագիտություններն են՝
1. Բժշկությունը
2. Բարձր տեխնոլոգիաները
3. Իրավագիտությունը
4. Ռազմական գործը
5. Մանկավարժությունը
6. Սոցիալական աշխատանքը:

Իսրայելցի ծնողների կողմից իրենց երեխաներին առավել խորհուրդ տրվող մասնագիտություններն են՝

1. Բարձր տեխնոլոգիաները 
2. Բժշկությունը
3. Իրավագիտությունը
4. Ռազմական գործը
5. Մանկավարժությունը
6. Սոցիալական աշխատանքը:

Իսկ ամենաեկամտաբեր մասնագիտությունների դասակարգումը հետևյալ տեսքն ունի՝

1. Ծրագրավորող
2. Փաստաբան
3. Բժիշկ
4. Զինծառայող
5. Մանկավարժ
6. Սոցիալական աշխատող:

Ուշագրավն այն է, որ մասնագետների շրջանում առավել մտահոգություն է առաջացրել մանկավարժի մասնագիտության նկատմամբ նկատվող պահանջարկի անկումը, որի բացատրությունը և՛ սոցիալական ընկալման, և՛ եկամտաբերության հարթությունում է: