«Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելն աղետալի հետևանքներ կարող է ունենալ»․ Մեդվեդև


19:10 , 6 օգոստոս, 2018

Վրաստանի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելը կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Այս մասին օգոստոսի 6-ին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Դա կարող է սարսափելի հակամարտության պատճառ դառնալ։ Անհասկանալի է՝ ինչու է դա պետք»,- ասել է Մեդվեդևը։

Մեդվեդևի կարծիքով՝ 2008-ին Վրաստանի և Հարավային Օսիայի միջև զինված հակամարտությունից կարելի էր խուսափել։

«Ոչ մի անխուսափելիություն չկար»,- նշել է վարչապետը։

Հուլիսին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել է Վրաստանին ռազմաքաղաքական դաշինք ընդունելու մտադրությունը՝ կոնկրետ ժամանակ չնշելով։