Հայկական շոու բիզնեսը` Նունե Եսայանի նոր՝ «Ես ուզում եմ» տեսահոլովակի շնորհանդեսին


13:30 , 6 օգոստոս, 2018

Երգչուհի Նունե Եսայանի և նրա երկրպագուների համար երեկ կրկնակի տոն էր. նա նշում էր ծննդյան 49-ամյակը և ներկայացնում իր նոր՝ «Ես ուզում եմ» տեսահոլովակը: Փակ ցուցադրությանը ներկա էին երգչուհու կոլեգաները, ընկերները և երկրպագուները, ովքեր եկել էին երգչուհու նկարով շապիկներով: Տեսահոլովակի նկարահանման ամբողջ գործընթացով զբաղվել էր Factory Production-ը: BlogNews.am-ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր դրվագները: 

«Քանի որ վերջին շրջանում կոլեգաներիս հետ սկսել եմ ավելի շատ վիրտուալ շփվել, որոշեցի տարեդարձս նշել նրանց հետ, չնայած շատերը հիմա քաղաքում չեն: Երեկոյի անակնկալներից մեկն էլ նոր տեսահոլովակն է, ունեմ նոր ձայնագրած երգեր, որոնք կունենան տեսահոլովակ: Քանի որ տարեդարձս է, ես ստեղծագործական թիմին խնդրեցի, որ հասցնեն տեսահոլովակը, իսկ վերջնական տարբերակը հեռուստադիտողը կտեսնի մի քանի օրից: Այս երգն իմ պատանեկության ամենասիրելի երգերից է, որը հիմա կարծես վերածնվեց: Դպրոցական տարիներիս շատ էի սիրում Հարութ Փամբուկչյան, Փոլ Բաղդադյան․ իմ հասակակիցները նրանց երգերի տակ են մեծացել»,- պատմում է երգչուհին:  

Նունեի տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, իսկ Factory Production-ի հետ Նունեն վերջին ժամանակահատվածում աշխատում է․ «Արթուրի հետ, իհարկե, սա մեր առաջին համագործակցությունն է, բայց ես հրավիրել եմ նաև բոլոր այն ռեժիսորներին, ում հետ տարիների ընթացքում համագործակցել եմ՝ Հրաչ Քեշիշյան, Հրանտ Մովսիսյան, Հրանտ Վարդանյան»:

Երգչուհին այս տարվա ընթացքում կներկայացնի նաև հեղինակային ստեղծագործություններ, այս պահին դրանք ստեղծման փուլում են․ «Մեր գործն այնպիսին է, որ չես կարող ճնշել, զայրանալ․ մուսա է պետք ստեղծագործելու համար: Ես պարզապես համբերատար սպասում եմ նոր երգերի և կարծում եմ՝ ակտիվ կլինեմ, ու իմ երկրպագուներն չեն ասի, թե ուր է Նունե Եսայանը: Երգահաններից ում հետ աշխատել եմ մինչև հիմա, իրենց հետ միշտ հաճելի է: Իհարկե, կան երիտասարդ երգահաններ, որոնց հետ փորձում եմ համագործակցել»:

Տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանն աշխատում է հայկական շոու բիզնեսի շատ երգիչ-երգչուհիների հետ. «Ինչպես իմ բոլոր տեսահոլովակները, այնպես էլ Նունեինը շատ չենք փորձել ծանրացնել, մինիմալիստական ոճ ենք ստացել առանց ավելորդ լուծումների: Առաջին անգամ եմ նրա հետ աշխատում, բայց միշտ երազել եմ դրա մասին: Երբ առաջին անգամ քայլերս էի անում դաշտում, միշտ ուզում էի Նունեի հետ համագործակցել: Չգիտեմ՝ որքանով է նրան տեսահոլովակը դուր գալիս, բայց գիտեմ, որ չեմ վնասել նրա արվեստը և նրա անցած ճանապարհը: Երբեմն հեշտ է, երբ երգչուհին տալիս է էմոցիաներ․ այդ ժամանակ դու հասկանում ես, թե ինչը դուր եկավ և ինչը՝ ոչ: Իսկ Նունեի դեպքում դու սպասում ես գեղեցիկ արձագանքի, թե ինչ կասի, որովհետև, ի վերջո, թիմի համար հետաքրքիր էր՝ ինչ արձագանք կտա երգչուհին: Նրա հետ որևէ բարդություն, աստղային կապրիզ չի եղել»: 

Երեկոյի երկրորդ անակնկալներից մեկն էլ փոքրիկ շոուն էր՝ կազմակերպված հյուրերի համար: Երգչուհին ներկայացրեց ևս մեկ պրեմիերա, այս անգամ այն կատարեց հյուրերի համար և պարեց: Երգչուհին անգամ դուրս եկավ Օպերայի Jazzve-ի տարածքից, այդ ամենը գրավեց անցորդների ուշադրությունը, ովքեր նկարահանեցին ամբողջ ընթացքը: 

 
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի