63-ամյա կնոջ կերպարանափոխությունը. Daily Mail-ն անդրադարձել է դիմահարդար Գոհար Ավետիսյանի հրաշագործությանը (Video)


19:45 , 2 օգոստոս, 2018

Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է մոսկվաբնակ հայազգի դիմահարդար Գոհար Ավետիսյանի գործունեությանը, որը հայտնի է դիմահարդարման միջոցով տարբեր մարդկանց զարմանալի կերպարանափոխման վերաբերյալ ուշագրավ տեսանյութերով:

Պարբերականը ներկայացրել է 25-ամյա հայուհու մասնագիտական հմտության արդյունքում զարմանալիորեն կերպարանափոխված 63-ամյա ուզբեկ կնոջ մասին տեսանյութը:

Ավետիսյանը պատմել է, որ կնոջը դիմահարդարել է նրա ծննդյան օրը վերջինիս որդու խնդրանքով՝ որպես նվեր: Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինը ապշում վերջնական արդյունքից ու չի կարողանում զսպել արցունքները:

Instagram-ում ավելի քան 5 մլն հետևորդ ունեցող Գոհար Ավետիսյանը նշել է, որ իր աշխատանքի միջոցով մարդկանց ավելի գեղեցիկ ու ինքնավստահ դարձնելը մեծ երջանկություն է համարում: