Գրեթե 70 մլրդ դրամ ավել հարկ է հավաքվել


19:48 , 1 օգոստոս, 2018

Հավաքված հարկերի վիճակագրական պատկերը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Համաձայն հրապարակման՝ առաջին վեց ամիսներին պետական մամինների կողմից 1000 խոշոր հարկատուներից հավաքագրվել է 446 մլրդ 615 մլն 735 հազար դրամի հարկ: Սրանից 343 մլրդ 794 մլն 934 հազարը հավաքագրել են հարկային մարմինները, մնացյալը՝ մաքսավորները: Հավաքված հարկերից ավելի քան 168 միլիարդը եղել են ուղղակի հարկեր:

Համաձայն 2018թ. պետական բյուջեի՝ ամբողջ տարվա համար պետք է հավաքագրվի 1 տրիլիոն 248 մլրդ հարկեր ու տուրքեր: Փաստորեն, առաջին կիսամյակում միայն 1000 խոշոր հարկատուների կողմից հավաքագրվել է բյուջեով նախատեսվածի 35.78%-ը:

Հայաստանի 10 ամենախոշոր հարկատուները 2018թ. առաջին կիսամյակում միասին վճարել են 120 մլրդ 20 մլն 625 հազար դրամի հարկ, որը կազմում է 1000 խոշորների վճարածի՝ 26.9%-ը: Սրանց վճարածի 96 մլրդ 298 մլն 390 հազար դրամը հավաքագրվել է հարկային մարմինների կողմից, մնացածը՝ մաքսավորների:

Տեղափոխություններ 10 ամենախոշորների շարքերում

 2018թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ վճարած 24 մլրդ 642 մլն 595 հազար դրամով: Երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 20 մլրդ 736 մլն 294 հազար դրամ հարկերով: Հաջորդում են «Գրանդ Տոբակոն» (16699240), «Գոեպրոմայնինգ գոլդը» (8871429), «Սի ՓԻ Էս Օյլ Քորփորեյշնը» (8166858), «Ֆիլիպ Մորիս Արմենիան» (8155871), «Ալեքս Հոլդինգը» (7678258), «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը (7084646), «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ) (6518982): Առաջին տասնյակը եզրափակում է «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակ» ընկերությունը՝ վճարած 5 մլրդ 839 մլն 481 հազար դրամի հարկերով:

Պատկերը 2017թ. նույն ժամանակահատվածում

Խոշոր հարկատուների գործունեության և հարկահավաքության ոլորտի պատկերը ամբողջական լինելու նպատակով ներկայացնենք 2017թ. համապատասխան ժամանակահատվածի վիճակագրությունը:

Նախ՝ 2017թ. պետական բյուջեով նախատեսվում էր տարվա համար 1 տրիլիոն 210 մլրդ 12 մլն դրամի հարկերի ու տուրքերի հավաքագրում: Տարվա աաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուները միասին վճարել են 378 մլրդ 105 մլն 667 հազար դրամ հարկ, որը կազմել է բյուջեով ամբողջ տարվա համար նախատեսվածի 31.24%-ը: Հավաքագրվածից 286 մլրդ 660 մլն 795 հազարը բյուջե է մուտքագրվել հարկային մարմինների կողմից: Սրանից ուղղակի հարկերը կազմել են 137 մլրդ:

2017թ. առաջին կիսամյակում տասը ամենախոշոր հարկատուները միասին վճարել են 107 մլրդ 476 մլն 866 հազար դրամի հարկեր: Սրանից 90 մլրդ 450 մլն 522 հազարը հավաքագրվել է հարկային մարմինների կողմից:

Նախորդ տարվա համեմատությամբ բացարձակ թվով ավել է հավաքվել ավելի քան 68.5 մլրդ դրամ: Իսկ 10 խոշոր հարկատուները ավել են վճարել 12.5 մլրդ դրամ:

2017թ. խոշորներն ու նրանց վճարած հարկերը

2017թ. առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորել են. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ վճարած 24.4 մլրդ դրամով, հաջորդում էին. «Գրանդ Տոբակոն»՝ 14.6 մլրդ դրամ հարկով, ՀԷՑ-ը՝ վճարած 11.8 դրամով, 4-րդը «Ալեքս Հոլդինգն» էր (11.2 մլրդ), այնուհետև՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (9.7 մլրդ), «Գեոպրոմայնինգ Գոլդը» (8.1 մլրդ), «Սի ՓԻ Էս Օյլ Քորփորեյշնը» (6.1 մլրդ), Թեղուտը (6.0 մլրդ), «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակը» (5.3 մլրդ) և «Ֆիլիպ Մորիս Արմենիա» (5.1 մլրդ), ընկերությունը:

Որ ոլորտներն են ներկայացնում խոշորները

2017թ. առաջին կիսամյակի Հայաստանի ամենախոշոր հարկատու «Գազպրոմ Արմենիա»-ին այս տարի փոխարինել է 2017թ. 5-րդ հորիզոնականում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: «Գազպրոմ Արմենիան» շուրջ 4 միլիարդով նվազեցնելով վճարած հարկերը՝ հանգրվանել է 2-րդ հորիզոնականում: «Գրանդ տոբակոն» շուրջ 2.1 մլրդ դրամով ավելացնելով վճարած հարկերը՝ բարձրացել է երկրորդ հորիզոնական: Անիմաստ չէ նշելը, որ Միքայել Վարդանյանին պատկանող «Գրանդ տոբակո» և «Մասիս տոբակո» ընկերությունները, միասին վճարելով 22.5 մլրդ դրամի հարկ, իրականում հանրապետության երկրորդ խոշոր հարկատուն են: Անցած տարվա համապատասխան ժամանակահատվածում այս ընկերությունների վճարած հարկերը կազմում էին շուրջ 20 մլրդ դրամ: Շուրջ 3.6 մլրդ դրամով նվազեցնելով վճարած հարկերը՝ «Ալեքս Հոլդինգը» երեք աստիճանով հետ է նահանջել:

2017թ. ավելի քան 5 մլրդ հարկ վճարած Թեղուտ ընկերությունը աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու պատճառով վճարած 3.7 միլիարդով հանրապետության 20-րդ հարկատուն է:

Ծխախոտ ներմուծող «Ջի Թի Այ Արմենիա» ընկերությունը, որ անցած տարի վճարած շուրջ 4 մլրդ հարկով հանրապետության 16–րդ հարկատուն էր, այս տարի վճարած ավելի քան 7 մլրդ դրամի հարկով հայտնվել է 8-րդ հորիզոնականում:

Հավելենք նաև, որ խոշոր հարկատուների առաջին տասնյակից երկուսը հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններ են. մեկը՝ գազամատակարարման, մեկը՝ բենզին ներկրող և վաճառող, երկուսը՝ ծխախոտ ներկրող, երկուսը՝ ծխախոտի արտադրությամբ զբաղվող, ՀԷՑ-ը էներգամատակարարմամբ զբաղվող, և Սամվել Ալեքսանյանի բազմապրոֆիլ «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը, որը զբաղվում է ապրանքների ներկրմամբ, տեղում արտադրելով, վաճառքով: