Արդյոք Նախագահներն ունեն անձեռնմխելիություն
14:51 , 1 օգոստոս, 2018
Սահմանադրության համաձայն՝ Նախագահն անձեռնմխելի է, իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար, իսկ իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո:
Վերջերս բավականին պրոֆեսիոնալ փաստաբաններ այն հետաքրքիր կարծիքն էին հայտնում, որ նախագահին տրված այս իմունիտետը նրան ազատում է իր կարգավիճակից բխող ցանկացած գործողությամբ կատարված հանցագործության համար պատասխանատվությունից թե պաշտոնավարման ընթացքում, թե դրանից հետո և սա հենց վերաբերվում է հանցագործություններին, հակառակ պարագայում իմաստ չէր ունենա նախատեսել: Այս տրամաբանությունը իհարկե հակասում է ժողովրդավարության հիմնական սկզբունքին՝ օրենքի առջև բոլորի հավասարությանը, այն է՝ ոչ ոք բարձր չէ օրենքից և հետևաբար ապրիորի բացառվում է: Ապոստերիորի նախագահներին տրվող իմունիտետը սահմանափակ է. այն վերաբերում է բացառապես այն դեպքերին, երբ նախագահը իրացնում է իր հայեցողական լիազորությունները: Այսպես, պատերազմի ժամանակ նախագահը որպես գերագույն հրամանատար կարող է որոշում կայացնել նահանջի կամ հարձակման, եթե այնպես ստացվի, որ սխալ գնահատի իրավիճակը, սխալ որոշում կայացնի, որի արդյունքում կորցվեն տարածքներ կամ մեծաթիվ զինվորներ զոհվեն, նա դրա համար երբևէ քրեական պատասխանատվության չի ենթարկվի: Նախագահը չի կարող օգտվել իմունիտետից, երբ իր կարգավիճակից բխող գործողությունը ակնհայտ հակասում է օրենքին կամ Սահմանադրությանը: Այսպես, նախագահը չի կարող օգտվել իմունիտետից, եթե օրինակ կաշառքով պաշտոնյա է նշանակում, յուրացնում է իշխանությունը, բանակն օգտագործում է քաղաքական գործընթացներում՝ գործողություններ, որոնք Սահմանադրությամբ և օրենքներով ակնհայտ արգելվում են: ԱՄՆ գերագույն դատարանը, անդրադառնալով իմունիտետի հարցին, իմունիտետից օգտվելու հնարավորությունը հստակորեն կապում է այն հարցի հետ, թե արդյոք տվյալ պաշտոնում գտնվող ողջամիտ անձը կարող էր իմանալ, որ իր գործողությունները ակնհայտորեն հակասում են հստակորեն սահմանված իրավական սկզբունքներին:
Հ.Գ. Անտրամաբանական է նաև, որ նոր Սահմանադրությամբ նախագահի կարևորագույն լիազորությունները փոխանցվել են վարչապետին, սակայն այդ լիազորությունների պատշաճ կատարման երաշխիք իմունիտետը մնացել է նախագահի մոտ, իսկ գործող Սահմանադրությամբ վարչապետը անձեռնմխելիություն չունի