11:20 , 1 օգոստոս, 2018Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթ ուշադրության արժանի հարցերից են փաստաբանի կարգավիճակն ու նրա դերի ճիշտ ընկալումը հասարակությունում։ Փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգը պայմանավորող գործոններից է:
Սոցիալական ցանցերի վերջին ժամանակահատվածի նպատակային դիտարկումը վկայում է, որ հաճախակի են դարձել դեպքերը, երբ մասնագիտական աշխատանք կատարող փաստաբանը նույնացվում է իր վստահորդի հետ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը, ասվում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ:
Ըստ նրա՝ մասնավորապես, սոցիալական մեդիայում արձանագրվում են վիրավորանք ու նույնիսկ սպառնալիք պարունակող մեկնաբանություններ։ «Ագրեսիվություն է նկատվում հատկապես այն մեկնաբանություններում, որոնք արվում են առերևույթ կեղծ օգտատերերի կոմից։ Սրան գումարվում է նաև այն, որ ներկայում ակնհայտորեն բարձր է սոցիալական ցանցերում ընդգրկված քաղաքացիների թիվը։
Արձանագրվող միտումն այն է, որ նշված մեկնաբանությունները, այդ թվում՝ փաստաբանների նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է նրանց վստահորդների անձով ու այդ անձանց վերաբերյալ հասարակական բացասական ընկալումներով»,-շարունակել է Արման Թաթոյանը։
Իր հայտարարության մեջ նա նշել է, որ այս միտումը վտանգավոր է, քանի որ կարող է հանգեցնել արդար դատաքննության հիմնարար սկզբունքների խախտման։ «Այն խոչընդոտում է փաստաբանության ամրապնդմանը, իսկ լիարժեք պաշտպանված ու անկախ փաստաբանության բացակայությունը վտանգում է արդարադատության և, հետևաբար, մարդու իրավունքների պաշտպանության համակարգը երկրում: