Վրաստանում կայանալիք «Վեհանձն գործընկեր – 2018» զորավարժությանը կմասնակցի ՀՀ ԶՈՒ 4 սպաներից բաղկացած խումբը


16:46 , 30 հուլիս, 2018

“Զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով”

“Զորավարժությանը ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությունը պայմանավորված է Վրաստանի պաշտպանության նախարարության հրավերով”

“2017թ. նույն զորավարժությանը ՀՀ զինված ուժերից մասնակցել է 40 հոգանոց անձնակազմ ունեցող դաշտային հոսպիտալը”

Ս.թ. օգոստոսի 1-ից 15-ը Վրաստանում կայանալիք <Վեհանձն գործընկեր – 2018> (Noble Partner - 2018) զորավարժությանը կմասնակցի ՀՀ ԶՈՒ 4 սպաներից բաղկացած խումբը: ՀՀ ԶՈՒ սպաները կզբաղեցնեն տարբեր շտաբային պաշտոններ զորավարժության շտաբում: Ընտրվել են միջազգային խաղաղության և կայունության առաքելություններում ՀՀ ստորաբաժանումների կողմից կատարվող խնդիրներին առնչվող պաշտոններ:
Զորավարժությունն անցկացվելու է համատեղ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Վրաստանի զինված ուժերի կողմից Վրաստանի Վազիանի և Նորիո ուսումնական կենտրոններում: Զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով:
Զորավարժությանը ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությունը պայմանավորված է Վրաստանի պաշտպանության նախարարության հրավերով:
2017թ. նույն զորավարժությանը ՀՀ զինված ուժերից մասնակցել է 40 հոգանոց անձնակազմ ունեցող դաշտային հոսպիտալը: 2018 թվականին ԱՄՆ աջակցությամբ ձեռքբերված և պատրաստվող դաշտային հոսպիտալի մասնակցությունը <Վեհանձն գործընկեր – 2018> զորավարժությանը հնարավոր չէ, քանի որ հոսպիտալը հուլիսի 22-ից 27-ը Հայաստանում ներգրավված է եղել միջազգային գնահատման զորավարժություններում, և մի քանի օրերի ընթացքում դրա վերատեղակայումը այլ վայրը հնարավոր չէ: ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցության ձևաչափը և մասնակցության պայմանները համաձայնեցվել են վրացի գործընկերների հետ հունիսի սկզբին տեղի ունեցած զորավարժության պլանավորման համաժողովի ընթացքում:

ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ