Չենք պատրաստվում որևէ քայլի գնալ մի մթնոլորտում, որտեղ մեզ փորձում են վախեցնել. Փաշինյան


17:40 , 27 հուլիս, 2018
Armenpress.am-ը գրում է.
Որպես ցանկացած ժողովրդավար երկիր՝ Հայաստանը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու հանձնառությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Al-Jazeera հեռուստաընկերության «Talk to Al Jazeera» ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցությունների: Ցանկանում եմ հստակեցնել սա. ես պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ», - հայտարարել է ՀՀ վարչապետը՝ նշելով, որ պատրաստ է հանդիպել նրա հետ:
 
Նա խնդրի լուծման հարցում կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը
«Կարծում եմ, որ այս ձևաչափն ի զորու է հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, եթե Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համապատասխան քաղաքական կամք ցուցաբերեն: Կարող եմ վստահեցնել ձեզ ու միջազգային հանրությանը, որ ինչպես ցանկացած ժողովրդավար կառավարություն, մենք իրական կամք ու ցանկություն ունենք հակամարտությունը խաղաղ կարգավորել և պատրաստ ենք բանակցել: Սակայն ցանկանում եմ շեշտել, որ մենք չենք պատրաստվում որևէ քայլի գնալ մի մթնոլորտում, որտեղ մեզ փորձում են վախեցնել», - հայտարարել է վարչապետը: